կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 14:50
Քաղաքական

Հարկավոր է կոմպլեքս լուծում գտնել. նախարարը՝ տարկետում տրամադրելու կարգի փոփոխությունների մասին

Հարկավոր է կոմպլեքս լուծում գտնել. նախարարը՝ տարկետում տրամադրելու կարգի փոփոխությունների մասին

Ուսանողներին զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգում այս տարի փոփոխություններ չեն արվի, քանի որ նման փոփոխությունները կատարվում են մինչև դեկտեմբերը. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Դուք գիտեք, որ մենք ունենք օրենք, որը շատ լավ ապահովագրում է: Այսինքն` մինչև դեկտեմբեր մենք հրապարակում ենք մասնակիցների ցանկը, որպեսզի երեխաների համար կանխատեսելի լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցը մեծ մասամբ արդեն կարելի է լուծված համարել, քանի որ ուսանողների մեծ մասը զորակոչվում է բանակ:

«Խոսքն ամեն տարի միայն 600-800 ուսանողի մասին է, որ չեն զորակոչվում: Պատկերացրեք` նույն կուրսի 15 երիտասարդից 10-ը զորակոչվում է, 5-ը չի զորակոչվում: Ինչո՞ւ չի զորակոչվում, որովհետև քննությունների ժամանակ կես միավորի տարբերություն է եղել: Այսինքն` այս հիմնախնդիրը շատ վատ մթնոլորտ է ստեղծում մեր համալսարաններում: Այստեղ հարկավոր է կոմպլեքս լուծում գտնել»,- ասաց նախարարը:

Հարցին՝ փոփոխությունները բացասական ազդեցություն չե՞ն ունենա գիտության վրա, նա պատասխանեց, որ խոսքը վերաբերում է բակալավրիական կրթությանը: «Եթե բակալավրիատում այս խնդիրը կարգավորվեց, երիտասարդը կգնա, կծառայի, հետ կգա և կշարունակի իր կրթությունը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ երիտասարդներ զինվորական ծառայությունից հետո շարունակում են իրենց ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ կան մասնագիտություններ, որտեղ տարկետումը պետք է հասցեական լինի: «Կան բնագիտական ուղղություններ, որտեղ մեկ կամ երկու տարով կտրվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Խոսքը հատկապես միջուկային ֆիզիկայի բնագավառի մասին է: Այստեղ է, որ մենք պետք է բացառություններ անենք»,- նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանն ընդգծեց նաև, որ այդ խնդրին էլ կարելի է լուծում տալ, եթե աշխատի ռազմարդյունաբերական համալիրը. այդ երիտասարդները կարող են զորակոչվել և չկտրվել ուսումից:

«Մենք լուծումներ ունենք: Եթե մենք գիտակրթական հատվածից ենք խոսում, կան մասնագիտություններ, որտեղ երիտասարդները պետք է անընդհատ սովորեն և բարելավեն իրենց մասնագիտական որակները»,- եզրափակեց նախարարը: