Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից հեղինակված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` նախագծի նպատակն այն է, որ խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:
«Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,- ներկայացրեց պատգամավորը:
Ըստ Ռուստամյանի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների թիվը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար: Իսկ որպեսզի խմբակցություններն իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնեն, անհրաժեշտ է, որ ներգրավված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում:
«Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող սահմանադրական օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները, հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավվածություն ունենալ»,- ասաց նա:
Ըստ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի` մշտական հանձնաժողովների առավելագույն քանակը 12-ն է:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց` նման նախագիծ առաջարկելով, ինչպես են պատկերացնում ապահովել նույն պատգամավորի մասնակցությունը միաժամանակ երկու հանձնաժողովի:
Ռուստամյանը պատասխանեց, որ փորձն ունեն: «Նախորդ գումարման ժամանակ դա եղել է: Եթե նիստերը եղել են միաժամանակ, պատգամավորը պարտավոր է ցույց տալ, որ որևէ նիստի մասնակցել է: Եթե նիստերն իրար վրա են ընկել, պատգամավորը պարտավոր է մեկ նիստի մասնակցել, եթե` ոչ, պատգամավորը պարտավոր է երկու նիստին էլ մասնակցել»,- ասաց նա:
Ռուստամյանն ընդգծեց, որ տեխնիկապես լուծվող խնդիր է: «Չեմ ասում՝ ինչ բերել եմ՝ անփոփոխելի է, քարի վրա գրված բան է: Ես պատրաստ եմ քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն»,- հավելեց նա:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը քննարկել են, կարևորել, որ բոլոր խմբակցությունների մասնակցությունը մեկից ավելի հանձնաժողովներում Սահմանադրությանը չի հակասում: «Բայց մի բաց ունեցանք. խոսքը վերաբերում է նրան, որ ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունեցող ուժը համամասնորեն պետք է ունենա ավելի շատ անդամներ հանձնաժողովներում»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ հանձնաժողովներում համամասնությունը խախտելու վտանգ կարող է առաջանալ: «Այս քննարկումը չավարտվեց, և հասկացանք՝ այդպիսի մեխանիզմ դնելու համար, որ բոլոր ուժերը ներկայացված լինեն, պետք է այլ մեծ նախագիծ կազմել՝ մի շարք այլ լուծումներ ներառող»,- ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ողջունելի է, որ խմբակցությունը ցանկանում է լիարժեք մասնակցել ԱԺ աշխատանքին, բայց ինչո՞ւ չեն ուզում ընդունել այն փաստը, որ ցանկացած խմբակցության մասնակցությունը հանձնաժողովների նիստերին որոշված է այն քանակով, որքան տեղ է զբաղեցնում ԱԺ-ում:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց, թե ինչպես են աշխատել 5-րդ գումարման ԱԺ-ում: Նա նշեց, որ ինքն ամենաակտիվ պատգամավորն էր, երեք հանձնաժողովում է աշխատել, եթե նույն ժամին են եղել նիստերը, անպայման մեկին, իր որոշմամբ, մասնակցել է:
Ինչ վերաբերում է համամասնության խախտմանը, ապա, ըստ Մարուքյանի, չի խախտվում: «ՀՀԿ-ն այնքան մանդատ է ստացել, ժողովուրդն այնքան ձայն է տվել ՀՀԿ-ին, որ անարգել կարող են աշխատել: Փոքրաթիվ խմբակցություններն իրենց գիտելիքները կօգտագործեն: Մենք կողմ ենք այս կարգավորմանը, որևէ հակասություն չկա, և պետք է այս առաջարկությունը տարածվի նաև «Ելք»-ի վրա, որովհետև «Ելք»-ն էլ փոքրաթիվ է: ՀՀԿ-ի իրավունքները չեն կարող ոտնահարվել, իսկ մերը ոտնահարվում է»,- ասաց նա:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ պատգամավորները, առանց հանձնաժողովի անդամ լինելու, նիստերին կարող են անարգել մասնակցել: Նա բերեց Արտակ Զեյնալյանի օրինակը, ով պարտաճանաչ իրենց հանձնաժողովի նիստերին մասնակցում է՝ անդամ չլինելով: «Բոլորս ֆիքսում ենք՝ ունենք խնդիր, որն էլ ունի տրամաբանություն և լուծման անհրաժեշտություն, բայց մի հոդվածի փոփոխությունն ավելի շատ խնդիր է առաջացնելու, հետևաբար` առաջարկում եմ քննարկումը հետաձգել: Ֆորմալ գործընթացը կլինի, հետ կանչեք, հետո լրացնենք, բոլորս էլ աշխատենք, կոնցեպտուալ լուծում տանք և գնանք առաջ»,- ասաց Կոստանյանը՝ շեշտելով, որ ոչ ոք չի ուզում բացասական եզրակացություն տալ:
Արմեն Ռուստամյանը հակադարձեց, որ պետք չէ Զեյնալյանի օրինակը բերել, ով թեև քննարկումներին մասնակցում է, բայց իրավունք չունի քվեարկելու: «Երեկվա պատգամավոր չեմ»,- ասաց նա և հիշեցրեց՝ օրեր առաջ Կրթության հանձնաժողովում կարևոր հարց էր քննարկվում, ՀՅԴ-ն կարևոր առաջարկություն էր ներկայացրել, բայց քանի որ անդամ չունի, քվեարկությանը չի մասնակցել, և մեկ ձայնի պատճառով առաջարկը չի անցել:
«Հետ վերցնեմ, որ ի՞նչ անեմ, ուզում եք մերժել, մերժեք»,- հավելեց նա:
Գևորգ Կոստանյանն էլ ասաց, որ առաջարկում են ընդամենը հետաձգել: «Տարեք, լրամշակեք կոմպլեքս լուծման հարակից հարցերը, նորից դնենք շրջանառության»,- ասաց նա:
Ռուստամյանը օրակարգից հարցը չհանելու առաջարկին չհամաձայնեց: Պայմանավորվեցին լրամշակել և նոր ուղարկել: