կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 17:08
Քաղաքական

Ավելի լավ ա` վարկեր վերցնեմ ու զրոյից գործ ունենամ, քան թե գողանամ. Արթուր Բաղդասարյան

Ավելի լավ ա` վարկեր վերցնեմ ու զրոյից գործ ունենամ, քան թե գողանամ. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է կոալիցիայից դուրս գալու հինգ դրդապատճառ: Առաջինը նախագահի հայտարարությունն է, որ ինքը չի հավակնում զբաղեցնել նախագահի ու վարչապետի պաշտոնը, և քաղաքական գերակայություն է հռչակվում իշխող Հանրապետական կուսակցության հետագա գործունեությունը, ինչը ենթադրում է ուղիղ փոփոխություններ ներքաղաքական կյանքում: Հաջորդ պատճառը, ըստ Արթուր Բաղդասարյանի, սահմանադրական բարեփոխումների փաստն է, հետո` ՍԴ որոշումը պարտադիր կուտակայինի վերաբերյալ, կառավարության հրաժարականը և հինգերորդ պատճառը նոր վարչապետի նշանակումը:

 

Նա նշեց, որ ՕԵԿ-ը շարունակելու է իր ակտիվ դերակատարումը Հայաստանի քաղաքական կյանքում` անկախ չարախոսների գնահատականներից: Բաղդասարյանի խոսքով՝ ՕԵԿ-ը չի ցանկանում որևէ մեկի տեղը զբաղեցնել:

 

«Վեց տարի է՝ օրինագծեր ենք ներկայացնում, բայց դրանք չեն ընդունվում: Վարչապետեր ու ԱԺ նախագահներ են փոխվում, բայց ՕԵԿ-ը ազդեցություն չուներ այս ամենում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք աջակցել են երկրորդ ժամկետում Սերժ Սարգսյանի թեկնածությանը` մտածելով, որ գոնե երկրորդ ժամկետում ՕԵԿ-ը կկարողանա կոալիցիոն իշխանություն ունենալ, սակայն դա չեղավ:

 

«Օրինակ` դուք լրագրող եք, ունեք ձեր գաղափարները, հենց ձեր խմբագիրը սկսի անընդհատ տորպեդահարել ձեր գաղափարներն ու որոշումները, դուք էլ մի օր նման որոշում կկայացնեք: Ինձ հաճախ հարցնում են, թե ես վեց պատգամավորով ինչպե՞ս եմ հավակնել վարչապետի պաշտոնին, բայց ես ասում եմ` ոչ թե վեց պատգամավոր է, այլ յոթանասունվեց պատգամավոր քաղաքական կոալիցիայում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Արթուր Բաղդասարյանն այս տարիների ընթացքում հարստություն է կուտակել, նա նշեց, որ որևէ դղյակ չունի, հարստություններ չունի, շուտով դուրս է գալու իր ծառայողական ամառանոցից ու տեղափոխվելու է իր երեք սենյականոց բնակարանը: Մեկ բիզնես ունի` «Հայասի գրուպ» ընկերությունն է, որը գտնվում է Երևանից դուրս, կառուցել է զրոյից՝ վերցնելով լուրջ վարկեր մի քանի բանկերից:

 

«Այո, ունեմ մեկ ձեռնարկություն, եթե դա չունենայի, ես ձեզ հարցնում եմ` բա ես ինչո՞վ ապրեի: Բա չէի՞ք ասի, Արթուր Բաղդասարյա'ն, բա Դուք ինչո՞վ եք ապրում, այդ 250 հազար դրամով: Էս երկրում միլիոններ չեմ դիզել կամ տարածքներ չեմ սեփականաշնորհել կոպեկներով, ինչպես այս երկրում արել են շատ շատերը: Ավելի լավ ա` վարկեր վերցնեմ ու զրոյից գործ ունենամ, քան թե գողանամ: Իսկ դուք հիմա մեր քաղաքական դաշտում եղած շատերին նայեք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Նա նաև նշեց, որ քաղաքական դաշտում ընդմիջում է վերցնելու և գնալու է ՌԴ, քանի որ հանգստի կարիք ունի, որից հետո որոշ ժամանակ անց վերադառնալու է ու առաջ է շարժվելու համապատասխան օրակարգով: