Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի եւս «Կոնվերս բանկն»՝ իր աշխատակիցների, հաճախորդների եւ բոլոր ցանկացողների հետ համատեղ, կիրականացնի երեխաների ամանորյա երազանքները` «Դարձիր Ձմեռ պապ» ակցիայի միջոցով:
Այս ակցիայի շրջանակներում, արդեն երրորդ տարին է, որ բանկն ընտրում է սահմանամերձ մի որեւէ գյուղ, եւ այդ գյուղի դպրոցի աշակերտների ցանկությունները` ուղղված Ձմեռ պապին, փորձում իրականություն դարձնել: Ակցիայի շրջանակներում բանկում տեղադրվում է տոնածառ, որի վրա ամրացվում են տվյալ դպրոցի աշակերտների տվյալները եւ Ձմեռ Պապին ուղղված խնդրանք-ակնկալիքները: Բոլոր ցանկացողները, ովքեր տեսնում են այդ ցանկությունները, կարող են վերցնել, կարդալ, եւ ցանկության ու հնարավորության դեպքում կատարել տվյալ աշակերտի ցանկություն-խնդրանքը` այդպիսով ստանձնելով Ձմեռ պապի դերը տվյալ երեխայի համար:
Խորապես գիտակցելով, որ սահմանամերձ կյանքը խիստ տարբերվում է հանգիստ քաղաքային կյանքից, բանկի ընտրությունն այս անգամ կանգ է առել սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի վրա: Օր օրի դատարկվող այս գյուղում գործող միակ դպրոցն ունի 120 աշակերտ, որոնք հաճախ են դասն անցկացնում կրակոցների ձայների տակ՝ վտանգելով իրենց կյանքը: Որդեգրելով՝ «Ամանորը իսկապես բարի է, երբ սեր և հոգատարություն ես տալիս դրա կարիքն ունեցողին» կարգախոսը, «Կոնվերս բանկը» փորձելու է թեթեւացնել գյուղի աշակերտների լարված, սպասումով լի կյանքը եւ Ամանորը դարձնել իրավամբ հիշարժան եւ անհոգ տոն:
Բոլոր ցանկացողները ակցիային կարող են մասնակցել այցելելով Կոնվերս բանկի գլխամասային գրասենյակ (Վազգեն Սարգսյան 26/1), տոնածառից վերցնելով երեխայի նկարով մեկ կամ ավելի ցանկություն-խաղալիք և նվիրելով նրան սպասված Ամանորյա նվերը: Իսկ նրանք ովքեր կցանկանան դրամական օժանդակություն ցուցաբերել կարող են գումար փոխանցել Բանկում գործող «Դարձիր Ձմեռ պապ» հաշվեհամարին՝ 1930036912207200:
Ակցիայի ավարտին Կոնվերս բանկը իր սեփական ռեսուրսների հաշվին կկրկնապատկի հաշվեհամարին կուտակված գումարը և կհամալրի նվերների ցանկը: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Բանկը «Դարձիր Ձմեռ պապ» ակցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերել Մարի Իզմիրլյան մանկատան սաներին: Ի դեպ` ցանկություն-խաղալիքների վրա կային այնպիսի ցանկություններ, ինչպես` «Սիրելի’ Ձմեռ պապ, խնդրում եմ ինձ այս տարի բերես տաք բաճկոն եւ երկարաճիտ կոշիկներ», որոնց քանակը քիչ չէր: