կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-11 12:33
Հասարակություն

Մահվան ելքով վրաերթ` ԿԲ մոտակայքում

Մահվան ելքով վրաերթ` ԿԲ մոտակայքում

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, մարտի 10-ին, ժամը 21:04-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Mercedes G530» մակնիշի  99 DO 999 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մ. Գ.-ին, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ճամփեզրին կայանած «Toyota Camrey» մակնիշի 760617 HC պետհամարանիշով ավտոմեքենայի տակ:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը շտապօգնության բրիգադն արձանագրել է քաղաքացու մահը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ի տեղեկություններով` «Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաեւ 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա է վարել:

Աղբյուրի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում, ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի որդին է ու նախկին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան:

Իրավապահները պարզել են նաեւ, որ մահացածը, ըստ նախնական տեղեկությունների «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է: