կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 13:09
Քաղաքական

Արմեն Սարգսյանը՝ 6 տարվա քաղաքացիություն չունենալու լուրերի մասին

Արմեն Սարգսյանը՝ 6 տարվա քաղաքացիություն չունենալու լուրերի մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին խնդրեց անդրադառնալ իր երկքաղաքացինությանն ու լուրերին, թե ինքը չունի այնքան ժամկետով քաղաքացիություն, որն անհրաժեշտ է նախագահ դառնալու համար: Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությամբ երկքաղաքացին նախագահի պաշտնում առաջադրվել չի կարող: Զեյնալյանը հավելեց, որ, բրիտանական օրենսդրության համաձայն, քաղաքացիությունից հրաժարվելն ուժի մեջ է, և քաղաքացիությունը դադարեցվում է, երբ քարտուղարը գրառում է կատարում:

Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ, ՀՀ քաղաքացի լինելով, դիմել է Բրիտանիայում մշտական կեցություն, հետո քաղաքացիություն ունենալու համար 2000-ին, երբ ազատվել է ՀՀ դեսպանի պաշտոնից: «Դա ինչ-որ իմաստով ապահովության և գործունեության համար քայլ էր, քանի որ դրանից հետո պետական ծառայության մասին չէի մտածում, մտածում էի՝ իմ կյանքն այլ ճանապարհով պետք է գնա: Երկու տարի անց քաղաքացիություն ստանալուց հետո բոլոր տարիներին ինձ զգացել եմ որպես ՀՀ քաղաքացի, ինչն արտահայտվել է իմ գործունեությամբ և շատ այլ փաստաթղթերով: Կարևոր է՝ երբ է անձը դիմել իր քաղաքացիությունից հրաժարվելու համար»,- ասաց նա:

Սարգսյանը հայտնեց, որ բրիտանական օրենքով առաձնացվում են երկու կատեգորիայի մարդիկ: «Անհատների համար, եթե այլ քաղաքացիություն չունեն, քաղաքացիությունից ազատվելու գործընթացը բարդ է, բայց այն անձինք, ովքեր ունեն կրկնակի քաղաքացիություն, նրանց համար, փաստորեն, մերժման պրոցեդուրա չկա. անհատի դիմելուց հետո, փաստորեն, նրա դիմումի մերժման ձև չկա»,- պարզաբանեց նա և հայտարարեց, որ ինքը ՀՀ քաղաքացի է 2011թ. դեկտեմբերի 2-ից:

Արմեն Սարգսյանն ասաց, որ բրիտանական օրենքը նախադեպային օրենք է: «Նախ` նմանատիպ` երկքաղաքացիության հետ կապված նախադեպեր շատ կան: Երկրորդ, ինչպես ասացի, իմ կողմից տրվել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջել են: Ուզում եմ կրկնել, որ ես 2011թ. դեկտեմբերի 2-ին չէի էլ կարող երազել, որ ՀՀ Սահմանադրությունը կփոխվի, և ես կգամ այստեղ ու կպատասխանեմ ձեր հարցերին: Դիմել եմ և այդ օրվանից միայն ՀՀ քաղաքացի եմ»,- ասաց նա: