կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 12:16
Քաղաքական

Մենք ամեն ինչ անելու ենք Մարտի 1-ի մեղավորներին պատժելու համար. Սարգիս Քլոյան

Մենք ամեն ինչ անելու ենք Մարտի 1-ի մեղավորներին պատժելու համար. Սարգիս Քլոյան

«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարություն ընդունելու համար «Ելք» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներում ելույթով հանդես եկավ 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, ով հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են մեղավորներին բացահայտելու համար: Նա ընդգծեց, որ զոհերի հարազատները կապ չունեն քաղաքականության հետ, և իրենց պահանջն է բացահայտել ոճագործությունը՝ ով է հրաման տվել և ով կատարել: «Պատասխանատվության չեն ենթարկվել ո'չ կատարողները, ո'չ էլ հրաման տվողները: Վկաների կեսն արտագաղթել է, կեսն էլ չի հիշում մարտի ոճրագործությունը»,- ասաց Քլոյանը:

Նա նշեց, որ 2008թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանը զեկույցում ասել էր, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այն էլ` պրոֆեսիոնալ` կարողանում են մոտեցնել պատկերը, և իրավապահները կբացահայտեն իրադարձությունները: Ապա Քլոյանը դիմեց նախկին գլխվոր դատախազ Գևորգ Կոստանյանին. «Գործերն առաձնացրիք, բա ի՞նչ եղավ, պարո'ն Կոստանյան, անցել է տասը տարի»:

Զոհվածի հայրը հերթականությամբ ներկայացրեց իրադարձությունները` որպես մասնակից: «Ինչ եմ տեսել` մոտ 500 սադրիչներ ջարդում էին այդ հատվածում միայն ՌԴ տունը, իբր տեսեք` ընդդիմությունը հակառուս է: Սադրիչները երեխաներին տարան կրակի բերան: Այդ ժամանակ Քոչարյանն ասաց` ավտոբուսի հետևից կրակում են: Սուտ, բացարձակ սուտ»,- ասաց նա:

Ըստ Քլոյանի` տասը զոհերից երեքը «Չերյոմուխա» գազային նռնակից են զոհվել` ուղիղ նշանառության հետևանքով: «Չորս ոստիկանի մոտ է եղել «Չերյոմուխա» տեսակի զենքը, գիտենք այդ ոստիկանների անուն-ազգանունները, բոլորդ գիտեք: Նրանք չեն քննվել, բարձրաստիճան պաշտոնյաները ևս չեն քննվել: Ես վստահ ասում եմ, որ չեն քննվել: Հատուկ քննչականը քննում էր միայն շարքային քաղաքացիներին, ի՞նչ իմանան` գիշերը ով սպանեց 200-300 մետր հեռավորություն վրա»,- ասաց նա:

Գոռ Քլոյանի հայրը նշեց, որ այս տարիներին դատարաններում աջակցություն ստացել է Արտակ Զեյնալյանից, հարցը մշտապես օրակարգում պահել է Նիկոլ Փաշինյանից, իրավական և բարոյական օգնություն է տվել ՀԱԿ-ը՝ նվիրելով այդ օրերի մասին իրականությունը պատմող գիրք, որի միջոցով զոհերի սերունդներին կբացատրեն, որ իրենց հարազատները զոհվել են հանուն ՀՀ-ի ազատական պայքարի: