կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-21 10:15
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի բարեկամները հրաժեշտ են տալիս պաշտոններին. «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանի բարեկամները հրաժեշտ են տալիս պաշտոններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին օրերս հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում էր աշխատում։ Արգամիչի «գահընկեց» արվելուց հետո սպասվում էր, որ նրա մերձավորներն արագ «կհետեւեն» նրան, եւ անգամ զարմանում էին, որ նրանք շարունակում են աշխատել։ Փաստորեն, մի քիչ ուշացած, բայց այդ կանխատեսումներն ի վերջո իրականություն դարձան։

Մամիկոնյանն իր կարիերան սկսել էր հարազատ Արտաշատից, որտեղ տարիներ շարունակ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ապահովում էր ընտրությունների ցանկալի արդյունքներ։ Երբ Հովիկ Աբրահամյանի դիրքերն սկսեցին սասանվել, Մամիկոնյանին Արտաշատից տեղափոխեցին մերձակա հարկայիններ, իսկ օրերս ազատել են համակարգից։

Հիշեցնենք, որ նրա եղբայրը՝ Վահան Մամիկոնյանը եւս հարկայինում է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, անգամ կանոնավոր աշխատանքի չի գնում։ Իհարկե, Վարդան Մամիկոնյանը տեսական հույսեր կարող է ունենալ՝ այլ նշանակման, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ դրա հավանականությունը կախված է միայն «տանիքի» ամրությունից։

Այլ նշանակումներ էլ են արվել ՊԵԿ-ում․ Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Արաբկիրի տեսչության պետ Ռուբեն Սարգիսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի ազգականը։ Իսկ Տավուշի հարկայինի պետ Արթուր Խաչատրյանը նշանակվել է Արաբկիրի հարկային տեսչության պետ։ Այստեղ էլ իր ծանրակշիռ լուման ունի նրա բարեկամ Սուրեն Կարայանը՝ էկոնոմիկայի նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: