Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ակնհայտ է, որ ԱՄՆ-ում օսմանյան ապտակ չեն կերել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ CNN Turk-ի՝ ամենօրյա մամուլի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյո՞ք պետքարտուղարությանը չեն անհանգստացնում Թուրքիայում հնչող հակաամերիկյան հայտարարությունները, որոնք գնալով ավելի կոշտ բնույթ են ստանում:
Նոյերթը պատասխանել է, որ իրենք սովոր են նման հայտարարությունների: «Մենք չենք զայրանում, երբ Թուրքիայի կամ մեկ այլ երկրի կառավարության կողմից նման հայտարարություններ են հնչում: Մենք տեսնում ենք այլ կառավարությունների ու առաջնորդների նմանատիպ հայտարարություններն ու սոցմեդիայում նրանց գրառումները: Սակայն դրանցից որևէ մեկը հաշվի չենք առնում մեր արտաքին քաղաքականությունը ձևավորելիս»,- ասել է նա:
Անդրադառնալով Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին՝ Նոյերթն ասել է, որ իրենք այդ շրջանում գործունեություն չեն ծավալում, սակայն, միևնույն է, Աֆրինում ստեղծված լարվածությունն ԱՄՆ-ին անհանգստություն է պատճառում:
«Հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիան իր անվտանգության հետ կապված Սիրիայի որոշ շրջաններից եկող վտանգների վերաբերյալ հիմնավոր անհանգստություն ունի: Մենք դա հասկանում ենք, սակայն ցանկանում ենք նրանց հետ խոսել այնպիսի լուծման մասին, որն աշխատող կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայի ու ԱՄՆ-ի համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիչի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի հայտարարություններին: Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիչի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:
Դրան ի պատասխան՝ Էրդողան ասել էր. «Մեզ հարվածողներին պատասխան կտանք» ասողները ակնհայտ է, որ երբևէ օսմանյան ապտակ չեն կերել: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուզածի պես կարող են ելումուտ անել Թուրքիա, ամեն սանձարձակություն իրենց թույլ տալ ու պատասխան չստանալ, շատ վաղ ապագայում կտեսնեն, որ դա ամենևին էլ այդպես չէ»: