Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթը.
«Հարգելի խորհրդարան,
2018 թվականը մեր երկրի կյանքում հարուստ է բացառիկ իրադարձություններով: Բայց դրանց թվում, վստահ եմ, գլխավորը, առանցքայինը, նշանայինը անկախ պետականության վերականգնման 100-ամյակն է՝ մեր ժողովրդի մտածողության մեջ առասպելաբանության վերածված Մայիսի 28-ը:
Այո՛, մենք խորհրդարանական կառավարման անցնելու եզրափակիչ փուլում ենք՝ դրանից բխող քաղաքական բազմաթիվ առաջնահերթություններով. Հանրապետության նախագահ, վարչապետ պետք է ընտրենք, նոր կառավարություն ձևավորենք, երկիրը որակական, արմատական բարեփոխումներով զարգացնելու նոր ուղիներ փնտրենք:
Այո՛, երկրում առկա սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային խնդիրները, արտաքին մարտահրավերները ամենօրյա սևեռուն ուշադրություն են պահանջում:
Այո՛, մենք չլուծված շատ հարցեր ունենք, կենցաղն էլ իր հոգսերն է թելադրում:
Բայց այս ամբողջի մեջ մենք պարտավոր ենք գիտակցել, որ հիմքերի հիմքը անկախ պետականությունն է, իսկ 100-ամյա անկախության համապետական, համազգային արժևորումը՝ ապագայում լավագույնս իրացվելու առիթ ու հնարավորություն:
Ես համաձայն չեմ, որ բացառիկ այդ տարեթիվը սահամանափակվի մի քանի օրվա տոնակատարությամբ:
Ամբողջ տարին այդ նշանի տակ պետք է անցնի:
Հայաստանի Հանրապետության լիաժեք քաղաքացի դաստիարակելու, նոր սերնդի մեջ պետականության գիտակցություն սերմանելու, մեր մեծերի՝ Արամ Մանուկյանի, Նժդեհի, Դրոյի, Սիլիկյանի, Անդրանիկի, Վրացյանի, Շանթի, Աղբալյանի, Թեհլերյանի, Վարուժանի, Սիամանթոյի, Տերյանի, Թումանյանի՝ հայկականության, ազգային բարձր բարոյականության, նվիրումի, անձնազոհության օրինակը վարքականոն դարձնելու առումով 2018-ի յուրաքանչյուր օրը Մայիսի 28-ով շնչավորելու անհրաժեշտություն կա:
Այո՛, վարչապետի գլխավորությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծված: Այո՛, պատշաճ նշելու ծրագրեր կան, բայց շրջանակը պետք է ընդլայնվի՝ բոլոր քաղաքական ուժերը, Հայ առաքելական եկեղեցին, կառավարությունն ամբողջ կազմով, Երևանի քաղաքապետարանը, մարզերը, համազգային կառույցները, լրատվամիջոցները ամենօրյա գործունեություն պետք է ծավալեն:
Ճիշտ է, Մայիս 28-ը կերտելու մեջ էական դերակատարություն է ունեցել Դաշնակցությունը, բայց այն համայն հայության դարավոր իղձերի մարմնացումն էր, բոլոր հայերի անկախ պետականության մեծ սկիզբը: Եվ Դաշնակցությունը նաև այս առումով է բոլորինը:
Հարգելի խորհրդարան, հարգելի հայրենակիցներ,
Չկա անկախ պետականությունից բարձր արժեք: Այդ մեծ սկիզբը հավերժական դարձնելու պարտքն ու պատասխանատվությունը մերն է ու հաջորդ սերունդներինը:
Այդ հավերժությունը երաշխավորելու համար է անհրաժեշտ 2018-ի ամեն օրը լցնել Մայիսի 28-ի բովանդակությամբ ու խորհրդով»: