Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական տոների, խորհրդանիշների հանդեպ ունեցած վերաբերմունքը, դրանց դերն ու կարևորությունը հասկանալը մեր՝ մոդեռնացման ճանապարհով գնացող հասարակության համար անչափ կարևոր է։ Ազգային ինքնությունն ու դիմագիծը, սեփական պատմական, մշակութային ժառանգությունը ժամանակակից աշխարհում պահպանելու և ի ցույց դնելու հարցում առաջնային դեր է խաղում պետությունը՝ իր բոլոր օղակներով, մանր և մեծ պաշտոնյաներով, ովքեր պիտի օրինակ ծառայեն, թե ինչպես է պետք հարգել և գնահատել մեր արժեքները։
Մայիսի 28-ին, Հայաստանը տոնում էր Առաջին Հանրապետության օրը։ Օրվա կարևորության մասին, թերևս, ավելորդ է նշել։
Yerkir.am-ը ներկայացնում է, թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել տոնը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան շնորհավորական ուղերձ էր հղել տոնի կապակցությամբ՝ առանձնացնելով հետևյալ տողերը. «Արամ Մանուկյանը ասում էր. «...դուք պիտի իմանաք, որ ես անուժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի... աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդյուն չի անցնի»:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այս տոնին ձեռնպահ էր մնացել սեփական ուղերձով հանդես գալուց և նախընտրել էր կիսվել ամուսնու գրառմամբ՝ կրկին առանձնացնելով նույն պարբերությունը։
Պաշտոնական ուղերձը սեփական նկարով հրապարակելու տարածված մեթոդով էր մայիսի 28-ը շնորհավորել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանի ուղերձը բովանդակային էր, նկարը՝ թեմատիկ։ Նույնաբովանդակ ուղերձով հանդես էր եկել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը վարչապետի ուղերձից հետո թերևս միակն էր, որտեղ հիշատակվում էր Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի մասին։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն, օրինակ, նախընտրել էր շնորհավորել սեփական 3D լուսանկարով, որում մի շարք այլ պաշտոնյաների հետ Բաշ-Ապարանի հուշահամալիրում է։
ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էլ շնորհավորական ուղերձը սկսել էր իր՝ Բաշ-Ապարանի հուշահամալիր գնալու մասին հիշատակումով։
ՀՀ ԱԺ մյուս փոխնախագահ Լենա Նազարյանի էջերում «տորիչելյան դատարկություն» էր. որևէ հիշատակում չկար մայիսյան հաղթանակների կամ Առաջին Հանրապետության տոնի մասին (նույն դատարկություն էր, ի դեպ, նրա ամուսնու՝ ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի էջերում), փոխարենը ԱԺ հաջորդ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդես է եկել թվով երեք տոնական հրապարակումներով, որոնցից մեկում ներկայացրել է իր պատվիրակության այցը Խենթի (Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան) գերեզմանին, իսկ մյուսում մեջբերել ՀՀ Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունու խոսքերը, տեղադրել նրա մասնակցությամբ ԱՄՆ մեկնած ՀՀ պատվիրակության լուսանկարը, որտեղ նաև իր նախապապն է՝ Արտաշես Էնֆիաջյանը, ով Առաջին Հանրապետության շրջանում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կիսվել էր System of a Down խմբի կատրարմամբ «Սարդարապատ» երգով և կարճ գրառում թողել։ Երիտասարդ նախարարը, հավանաբար, դեռևս տարված է «հեղափոխական հովերով», այդ իսկ պատճառով նախըտնրել էր երգի հենց այս տարբերակը։
Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում կիսվել էին նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի շնորհավորանքով, որտեղ նաև ներկայացված էր Գեներալ Մովսես Սիլիկյանի կոչը ժողովրդին, ապա նաև Սարդարապատի հուշահամալիրիում տեղի ունեցած միջոցառման և հրավառության տեսանյութով։
ԱԳ նախարարությունը նույնպես շնորհավորական ուղերձ էր հղել նախարարության ֆեյսբուքյան էջի միջոցով՝ օգտագործելով պետական այրերի՝ Սարդարապատ այցի լուսանկարները։
Իրենց բովանդակությամբ և լուսանկարով արտառոց էին ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյուանբերության նախարարների շնորհավորանքները։ Արայիկ Հարությունյանը տոնը շնորհավորել էր մարգագետնի կակաչների նկարով, որի տրամաբանական կապը մայիսյան հաղթանակների և Առաջին հանրապետության հռչակման հետ ոչ մի կերպ գտնել հնարավոր չէ:
Իսկ Հակոբ Արշակյանը, թեպետ օգտագործել էր Սարդարապատի հուշահամալիրի նկարը, սակայն շնորհավորանքի խոսքում զուգահեռներ էր տարել 1918 և 2018 թվականների միջև, համարելով, որ այստեղ կա սիմվոլիկա։ Դե ինչ, կարող ենք պարզապես ուրախանալ, որ Արշակյանը Սարդարապատի հուշահամալիրի հետ չէր կցել նաև սիմվոլիկ «դուխով» նկար, որպես 100 տարի հետո կրկնված ևս մեկ «փայլուն հաղթանակի» օրինակ։
ՏԿԵԶ նախարար Սուրեն Պապիկյանն իր ուղերձում արժևորել էր Առաջին հանրապետությունը կերտած պետական այրերի և մայիսյան գոյապայքարի հերոսների մեծագույն նվիրումը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով մերօրյա բուժաշխատողներին և զինվորներին։ Զարուհի Բաթոյան, Արսեն Թորոսյան, Ֆելիքս Ցոլակյան, Տիգրան Խաչատրյան, Ատոմ Ջանջուղաղյան․ այս նախարարների ո՛չ անձնական, ո՛չ պաշտոնական և ո՛չ էլ նախարարությունների էջերում տոնի մասին ոչ մի հիշատակում չկա։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջերում երեկ նունպես լռություն էր։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 26-ին շնորհավորել է վրացի գործընկերներին՝ անկախության տոնի առիթով, իսկ ահա Հայաստանի առաջին հանրապետության տոնի օրը նրա էջում ոչինչ չկա (ըստ երևույթին՝ օրը դիտվել է որպես սովորական հանգստյան օր)։ Նույն հանգստյան օրվա տպավորություն է նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի էջում, որտեղ որևէ հիշատակում չկա Հանրապետության տոնի մասին։ Փոխարենը՝ պատշաճ շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր պաշտոնական էջում՝ Սարդարապատի հերոսամարտի հուշակոթողի և Առաջին Հանրապետության կառավարության շենքի լուսանկարներով։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ իր էջում վերատեղադրել է 2019 թ. մայիսի 28-ին սեփական լուսանկարի կողքին արված իր՝ իշխանությունների հասցեին քննադատական որոշակի երանգ պարունակող գրառումը։
Մյուս մարզպետների շրջանում ևս խայտաբղետ էր պատկերը. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն շնորհավորել էր միայն լոռեցիներին
իսկ ահա Արմավիրի մարզպետարանի՝ «...այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհաջողվեց մայիսի 28-ին վերածնված Հայաստանին, պարտավոր ենք իրականացնելու մենք՝ 1992 թ. սեպտեմբերի 21-ին ազատության և անկախության նոր ծնունդ առած Հայաստանի քաղաքացիներս» փնթի ձևակերպումը ակամայից հարց առաջացրեց՝ արդյո՞ք տեղին է օգտագործվել մինչ 2019 թ. դեկտեմբեր ընկած հատվածը մարզպետարանին տրված 315.000 դոլար պարգևավճարը։
Ի դեպ՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն էլ իր հերթին տեղադրել է վերոհիշյալ տեքստը և առանձնացնացրել հենց այդ փնթի մասը՝ հատուկ ցույց տալով բոլորին, որ ինքը խիստ պատահական է հայտնվել այն աշխատասենյակի դրոշի ու գերբի առջև, որտեղ լուսանկարվել է: