կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-31 10:59
Աշխարհ

Դադարեցնել «Գրին քարտ»-ի խաղարկությունն ու քաղաքացիություն տրամադրել 1,8 մլն ներգաղթյալի. Թրամփը՝ Կոնգրեսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ամենամյա` «Երկրի դրության մասին» ուղերձում Կոնգրեսին կոչ է արել ընդունել օրենսդրություն «Գրին քարտ»-ի և անօրինական ներգաղթյալների մասին:

Ըստ NDTV-ի՝ Թրամփը հերթական անգամ հայտնել է իր այն տեսակետը, որ «ժամանակն է շարժվել արժանիքների վրա հիմնված իմիգրացիոն համակարգի ուղղությամբ», որում, ըստ նրա, կընդգրկվեն որակավորում ունեցող մարդիկ, ովքեր ցանկանում են աշխատել, նպաստել ամերիկյան հասարակության զարգացմանը ու հարգում են ԱՄՆ-ին:

Թրամփն այնուհետև ներկայացրել է իր պատկերացրած իմիգրացիոն բարեփոխման ծրագրի չորս հիմնասյուները:

«Մեր համակարգի առաջին հիմնասյունն առաջարկում է ծնողների կողմից երիտասարդ տարիքում ԱՄՆ բերված 1,8 միլիոն անօրինական ներգաղթյալների համար քաղաքացիության ճանապարհ: Այն ներառում է մոտ երեք անգամ շատ մարդու, քան առաջարկում էր ԱՄՆ նախկին վարչակազմը: Այս ծրագրով՝ նրանք, ովքեր կբավարարեն կրթության և աշխատանքի պահանջներին, լավ պահվածք կդրսևորեն, կկարողանան դառնալ ԱՄՆ լիիրավ քաղաքացիներ»,- ասել է նա:

Թրամփի ներկայացրած երկրորդ հիմնասյունը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն է:

Ինչ վերաբերում է երրորդ հիմնասյանը՝ այն  նախատեսում է «Գրին քարտ»-ի վիճակահանության դադարեցում:

Չորրորդ հիմնասյունը վերաբերում է ընտանեկան կամ շղթայական ներգաղթի դադարեցմանը:

«Մենք կենտրոնանում ենք բուն ընտանիքի վրա՝ սահմանափակելով երկիր գալու հնարավորությունը կանանց և փոքր երեխաների համար միայն: Այս առանցքային բարեփոխումն անհրաժեշտ է ոչ միայն մեր տնտեսության, այլ նաև մեր անվտանգության և մեր ապագայի համար: Այս հիմնասյուները փոխզիջում են, որոնք կստեղծեն ապահով, ժամանակակից և օրինական ներգաղթային համակարգ»,- նշել է Թրամփը, ապա կոչ արել օրենսդիրներին՝ մի կողմ դնել քաղաքականությունն ու լուծել այս հարցը: