|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գիտական հիմնարկների ֆինանսավորման մեխանիզմը կփոխվի՝ դրանք կֆինանսավորվեն ըստ իրենց տված արդյունքի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նա նշեց, որ գիտական հիմնարկները խորհրդային ժամանակների մեթոդով են ֆինանսավորվում` հավասար բաշխման սկզբունքով, ինչը հանգեցնում է նրան, որ գիտական հիմնարկները համահարթեցվում են: Այժմ, ըստ Հարությունյանի, յուրաքանչյուր գիտական հիմնարկ կֆինանսավորվի՝ կախված այն հանգամանքից, թե որ կատեգորիային կպատկանի:
«Ստացվում է՝ ոչ բոլոր հիմնարկները հավասար բաշխման սկզբունքով կֆինանսավորվեն: Ինչ վերաբերում է հիմնարկների ռեյտինգային ցուցանիշին, ապա այն կորոշվի հետևյալ սկզբունքով` հաշվի կառնենք` հիմնարկն ինչ հոդվածներ է հրապարակել և ինչ ամսագրերում, ինչ գիտաժողովների է մասնակցել, քանի ասպիրանտ է պատրաստել, ինչ զեկույցներ է ունեցել միջազգային գիտաժողովներում, ինչպիսի գրանտներ կամ պետական մրցանակներ է շահել: Այս բոլորը կվերածվի միավորների, կբաժանվի ինստիտուտի գիտաշխատողների թվի վրա, ու կորոշվի ինստիտուտի ռեյտինգը: Ամբողջ աշխարհում կիրառվում է այս մեթոդը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում արդեն երեք տարի է՝ այս համակարգն է կիրառվում:
Հարությունյանը նշեց նաև, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի ու թեմաների իրականացման մեջ ներգրավված են 87 գիտահետազոտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ և բուհերի կազմում ընդգրկված մասնաճյուղեր։