կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-13 10:40
Տարածաշրջան

Փայլանի կուսակցության կալանավորված ղեկավարը 14 ամիս անց կանգնեց դատարանի առջև․ լուսանկարներ

Փայլանի կուսակցության կալանավորված ղեկավարը 14 ամիս անց կանգնեց դատարանի առջև․ լուսանկարներ

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ երեկ կանգնել է դատարանի առջև։

Միջանկյալ հիշեցնենք, որ նա կալանքի տակ է պահվում իբրև թե ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և դրա քարոզչությունն իրականացնելու մեղադրանքով։ Բացի այդ` Դեմիրթաշի դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։

Ըստ Evrensel-ի՝ Էդիրնեի բանտից Ստամբուլ բերված Դեմիրթաշը, սակայն, դատարանի առաջ է կանգնել ոչ թե ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, այլ դեռևս 2015-ի դեկտեմբերի 24-ին իր ելույթներից մեկում նախագահին վիրավորելու գործով։

Դատավարության ընթացքում հազարավոր մարդիկ հավաքվել են դատարանի շենքի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելով Դեմիրթաշին։ Նրա աջակիցների ձայնը լսելի է եղել անգամ դատարանի դահլիճում։

Դեմիրթաշը, ում անձեռնմխելիությունը վերացնելու համար երկրի իշխանությունները ջանքեր են գործադրում, հայտարարել է, որ առանց մեջլիսի որոշման՝ ոչ ոք չի կարող իրեն զրկել անձեռնմխելիությունից։

Դատավորը լսումներից հետո վճռել է դատական նիստը հետաձգել մայիսի 17-ին։