կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-20 12:39
Հասարակություն

Դժվար, բայց հեռանկարային աշխատանք

Դժվար, բայց հեռանկարային աշխատանք

Արդեն երկու օր է՝ ՀՀ խորհրդարանում ընթանում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը: Այսօրվա նիստում ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանի ելույթը «Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներ» թեմայով էր: Ստորև ներկայացնում ենք ելույթն` ամբողջությամբ:


Հարգելի գործընկերներ,

Հայաստանի խորհրդարանում ես ներկայացնում եմ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը: Մեզ համար բարձրագույն արժեք են անկախ պետականությունը, երկրի հնարավոր առավելագույն ինքնիշխանությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները:  Մենք համոզված ենք՝ քաղաքակրթական, հոգևոր-մշակութային առումով Հայաստանը Եվրոպայի մաս է: Մեր ծրագրային նպատակներից է եվրոպական արժեչափերին համապատասխանող պետություն կառուցելը:

Այս հիմքով էլ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար բացառիկ ու շրջադարձային նշանակություն ունի: Այն Հայաստանը խաղաղ, զարգացող, ժողովրդավարական, բարեկեցիկ երկիր դարձնելու հնարավորություն է: Մեզ երկուստեք դժվար, բայց մեծ հեռանկար խոստացող աշխատանք է սպասում:

Այսօրվա իմ թեման՝ «Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներ»:

Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Այն ուղեկցում է մեզ արդեն շուրջ երեսուն տարի: Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ՝ մյուս ժողովուրդների նման, սահմանադրական կարգավորումներին ճշգրտորեն համապատասխան, Արցախի ժողովուրդը արտահայտեց ազատ, Ադրբեջանից անկախ ապրելու իր իրավունքը: Խաղաղ այդ կամարտահայտությանը Ադրբեջանը պատասխանեց ռազմական ագրեսիայով, Սումգայիթի, Բաքվի կոտորածներով, հայության հոծ զանգվածների բռնի տեղահանությամբ: Հիշեցնեմ, որ առաջին շրջանում Ադրբեջանին օգնում էին Խորհրդային միության հատուկ ջոկատայինները: Հիշեցնեմ նաև, որ այդ ժամանակ Եվրոպան, միջազգային մամուլը ամբողջովին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին էին, երբ մենք մեր ազատության, անկախության և ինքնորոշման համար էինք պայքարում և Խորհրդային միության կազմաքանդումը նախապատրաստում:

Ի վերջո հայության բոլոր հատվածների հսկայական զոհողությունների, զրկանքների, հազարավոր զոհերի գնով Ադրբեջանի ագրեսիան տապալվեց: 1994-ին ստորագրվեց հրադադարի պահպանման եռակողմ համաձայնագիրը, ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի համանախագահությամբ, որն էլ առ այսօր հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցն է:

Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը անընդհատ փորձել է խեղաթյուրել հակամարտության բնույթն ու էությունը, մերժել է կարգավորման առաջարկները, պետականորեն հայատյացություն է սերմանել, իսկ 2016թ. ապրիլին երկրորդ անգամ լայնածավալ ագրեսիայի դիմեց Արցախի խաղաղ բնակչության դեմ, որը նույնպես ձախողվեց: Ագրեսորը հարկադրված էր միջնորդների դիմել՝ նոր կորուստներից խուսափելու համար:

Ու մինչ Ադրբեջանը այլ երկրներից Արցախ այցելող ցանկացած քաղաքական գործչի, պատգամավորի, արվեստագետի, ակադեմիականի սև ցուցակ է կազմում, հայկական նույնիսկ հեռավոր արմատներ ունեցողների մուտքը արգելում է իր երկիր, փորձում է կաշառել անգամ եվրոպական պառլամենտականների (բացահայտված օրինակները ակնհայտ են), Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ թեև չճանաչված, իր անկախ, ժողովրդավարական պետությունն է կառուցում, ապրում ստեղծարար կյանքով, քաղաքակիրթ աշխարհի կանոններով:

Մենք նաև համոզված ենք, որ հակամարտության կարգավորված չլինելը Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա: Խոսքը «յուրաքանչյուր մարդ էակի անօտարելի իրավունքի մասին է: Խոսքը կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է»: Վերջին միտքը մեջբերում էր վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի նախագահի ելույթից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի: Գոհունակությամբ պիտի նշեմ, որ ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրում հենց այս սկզբունքներն են ամրագրված: Նաև լիահույս ենք, որ ԵՄ անդամ երկրների տեսակետները այս հարցում, անկախ տնտեսական կամ այլևայլ շահերից, այսուհետ կբխեն հենց համաձայնագրի ոգուց ու տառից:

Մենք նաև համոզված ենք, որ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և Հայաստանը հանձնառու է այդ ճանապարհով առաջ ընթանալ:

Վերջում ևս մեկ մեջբերում ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահի ելույթից. «Բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույնն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»:

Ավելացնեմ, որ միայն այս պարագայում տարածաշրջանում կայուն խաղաղություն կհաստատվի, պետությունների միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչը բխում է նաև Եվրոպայի արևելյան գործընկերության և անվտանգության նպատակներից:

Հայաստան-Թուրքիա հակամարտությունների մասին: Ավելի ճիշտ՝ գոյություն չուենցող հարաբերությունների կամ դրա պատճառների մասին: Այստեղ ես նոր բան չեմ ասի: Հիմնականում կկրկնեմ այն, ինչ ասել եմ տարիներ առաջ մեր համատեղ նիստում:  

Թույլ տվեք առանձնացնել հայ-թուրքական հարաբերություներում առկա երեք խնդիր և դրանց հանդեպ մեր մոտեցումները:

Առաջինը Հայոց Ցեղասպանության բաց օրակարգն է: Թուրքիան առ այսօր հրաժարվում է առերեսվել իր պատմությանը, պետական հատուկ ծրագրով ձգտում է թույլ չտալ, որ միջազգային հանրությունը վերջնականապես ճանաչի ու դատապարտի այն: Մեր մոտեցումը շատ հստակ է՝ Ցեղասպանության միջազգային համընդհանուր և մասնավորապես Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման և ապագայում նման ոճիրների կանխարգելման առումով: Երկու երկրների միջև իսկապես բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել, եթե հայ ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ քայլեր կատարվեն:

Մենք նաև գտնում ենք, որ անցյալի հետ ճշմարիտ առերեսումը անհրաժեշտ է հենց թուրք ժողովրդին՝ իր ինքնության հետ հաշտ ապրելու համար: Այլ ժողովուրդներ գնացել են այդ ճանապարհով և այսօր ազատ են:

Երկրորդ հիմնահարցը՝ Հայաստանի միակողմանի շրջափակումը: 21-րդ դարում, Եվրոպական խորհրդի անդամ, Եվրամիությանն անդամակցելու հավակնություն ունեցող երկրի կողմից: Մենք, ցավոք, խուսափում ենք այս իրողության խիստ դատապարտումից: Մենք առավելագույնը չենք անում, որ Եվրոպայում փակ սահման չլինի, ինչը մեծագույն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար:

Այս հարցին է ուղղակիորեն առնչվում հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը: Փաստ է՝ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել սահմանը: Մենք պատրաստ ենք: Մենք նաև հաստատում ենք այն, ինչ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման օրը՝ 2010թ. հոկտեմբերի 10-ին, ասել է ՀՀ նախագահը.

            «1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:

            2. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է սահմանների հարց:

            3. Ստորագրված արձանագրությունները որևէ ձևով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ»:

Հենց սա էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա երրորդ խնդիրն է: Թուրքիան մեզ համար հիմնարար՝ ազգային-պետական նշանակության Ղարաբաղյան խնդրում բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, հայ-թուրքական գործընթացում նախապայման է դիտում ԼՂՀ հարցի ադրբեջանպաստ լուծումը: Այստեղից էլ բխում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանին տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային, էներգետիկ ծրագրերից մեկուսացնելու հետևողական քաղաքականությունը:

Հարգելի գործընկերներ, ցավոք, նախապայմաններով առաջնորդվելու Թուրքիայի դիրքորոշման պատճառով այդ արձանագրությունները մեռած էին ստորագրման իսկ օրվանից: Եվ ինչպես հայտարարել է Հայաստանը ամենաբարձր մակարդակով՝ հաջորդ գարունը մենք դիմավորելու ենք այդ փաստաթղթերի չեղարկմամբ:

Սակայն հույս ունենք, որ սա վերջը չէ: Մենք հարևաններ ենք և ապրելու ենք կողք կողքի: Այն ժամանակ, երբ Թուրքիան կգիտակցի, որ անհնար է հարաբերություններ հաստատել ի հաշիվ Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերի, մենք պատրաստ կլինենք նոր սկիզբ դնել ի խնդիր տարածաշրջանային կայունության, խաղաղության ու անվտանգության:

 Այս նպատակներն են առաջնորդել միասնական Եվրոպա նախագծող մեծ մտածողներին: Հայաստանը հավատարիմ է այդ նպատակներին: