կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 18:12
Առանց Կատեգորիա

Մեզ դժվար ու ծանր աշխատանք է սպասվում

Մեզ դժվար ու ծանր աշխատանք է սպասվում

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի` ՀՅԴ-ի շտաբի պետ Աղվան Վարդանյանը:

-Պարո\'ն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք դեկտեմբերի 6-ի հանրաքվեն:

-Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ հանրաքվեն կայացած է, որովհետեւ հանրաքվեի կայացվածության երկու ցուցիչ կա: Առաջին` ընտրությունների մասնակիցների կեսից ավելին կողմ է քվեարկել, եւ երկրորդ` կողմ քվեարկողների թիվն առնվազն պետք է ավելի լինի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թվի մեկ քառորդից, ինչն էլ ապահովվել է: Սա` իբրեւ փաստ, իբրեւ արդյունք: Կարող ենք արձանագրել, որ մասնակցության առումով սպասվածից առավել մեծ ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները: Սա խոսում է մարդկանց՝ իրենց քվեն, ընտրություններում իրենց մասնակցությունը կարեւորելու մասին:

Բայց, մյուս կողմից, կա մտահոգվելու երկու լուրջ առիթ: Առաջին` մեր քաղաքացիների 400 հազարից ավելին «ոչ» ասացին Սահմանադրությանը, բայց ակնհայտ է, որ այս «ոչ»-երի բացարձակ մեծամասնությունը կապ չուներ Սահմանադրության հետ, որովհետև առաջարկվող Սահմանադրության բովանդակային առավելությունը, նախորդի համեմատ, ակնհայտ էր: Խնդիրն այլ տեղում է, եւ սա լուրջ մտահոգվելու առիթ է նախ` իշխանությունների եւ հետո՝ բոլորիս համար: Երկրորդ` ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի թիվը, ինչը ևս խոսում է մեր ընտրական համակարգի արատավոր երեւույթի մասին, եւ սա ևս առաջիկայում պետք է դառնա քննարկումների լրջագույն առիթ:

Որքան տեղյակ եմ, այս երկու օրվա ընթացքում բողոքարկված ընտրատեղամասերի մասով վերահաշվարկ է կատարվել, եւ չնչին՝ 4 ձայն այս կողմ, 4 ձայն` այն կողմ հարաբերակցություն է ստացվել: Այս ամենը մեզ թույլ է տալիս ասել, որ, այո, հանրաքվեն կայացել է, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ` մենք լրջագույն խնդիր ունենք` առաջիկա Ընտրական օրենսգրքում այնպիսի մեխանիզմներ մշակել, որը եթե ոչ կբացառի, ապա նվազագույնի կհասցնի բոլոր օղակներում ընտրակեղծիքների, ընտրախախտումների հնարավորությունը: Այս առումով կցանկանայի անդրադառնալ հանրաքվեից հետո հանրապետության նախագահի խոսքին, երբ նա ասաց, որ պատրաստ են ցանկացած առաջարկ քննարկել, լուծում գտնել, ինչը կնպաստի ընտրությունների հանդեպ վստահության եւ թափանցիկության աճին: Կարծում եմ` սրանով է, որ պետք է առաջիկայում զբաղվեն քաղաքական բոլոր ուժերը եւ հասարակական կազմակերպությունները: Եվ մենք էլ պատրաստվում ենք այս ուղղությամբ լրջագույն աշխատանք կատարել` նաեւ հանդիպելով, քննարկելով խնդիրը պատրաստակամ քաղաքական եւ հասարակական ուժերի հետ: Ակնհայտ է նաեւ, որ մենք այս հանրաքվեով, ցավոք, չկարողացանք մեր քաղաքացիների մոտ բարձրացնել վստահության մթնոլորտը:

- Պարո\'ն Վարդանյան, ե\'ւ հանրաքվեի ընթացքում, ե\'ւ դրանից անմիջապես հետո, անգամ` այսօր ոմանք ՀՅԴ-ին մեղադրում են ընտրախախտումների մասին չբարձրաձայնելու, չահազանգելու մեջ:

-Մեզ համար անակնկալ չէր, որ որոշ ուժեր, որոշ անհատներ պետք է փորձեն դարձյալ մեղադրել Դաշնակցությանը: Մենք այս հանրաքվեին գնացել ենք համոզումով, վստահ, որ սա է այն ճանապարհը, որ մեր երկրում արմատական փոփոխությունների հիմք է դնելու: Մենք մեր հանձնաժողովի անդամներից ունեցել ենք ահազանգեր, նաեւ մամուլում կա այդ ահազանգերի մասին տեղեկատվություն: Մենք հանձնաժողովի 8 անդամներից մեկն ենք եղել, եւ շատ տեղերում հանձնաժողովի հենց մեր անդամներն են կանխել ընտրախախտումները: Բայց ամբողջ ընտրական համակարգի մեջ փորձել մեղադրել Դաշնակցությանը, սա արդեն աբսուրդ է: Մենք շոու սարքելու խնդիր չունենք: Այո, ընտրախախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Բողոքարկվել եւ վերահաշվարկ է կատարվում մոտ 80 տեղամասում: Պատկերացրեք` եթե 80 ընտրատեղամասից նույնիսկ յուրաքանչյուրում 500 ձայն կեղծված լիներ, ինչն աբսուրդ է, դա կկազմեր ընդամենը 40 հազար ձայն, բայց դա էլ արդյունքի վրա չի ազդում:

- Քաղաքական գործիչներից մեկն անգամ ասաց` կես միլիոն ձայն է կեղծվել:

- Ասել միշտ կարելի է, կարելի է եւ ասել` երկու միլիոն ձայն է կեղծվել: Ասելը միշտ հեշտ է: Քաղաքական գործիչներից ոմանք էլ ասում էին՝ ամբողջ հանրապետությունում «այո» ասող չկա: Սա քաղաքական կոնյունկտուրայից ելնող հայտարարություններ են, բայց այդ հայտարարություններն անողները պետք է կարողանան փաստարկել, հիմնավորել, ապացուցել:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռարկել, որ մարդը հասկանա, թե ինչին է «այո» կամ «ոչ» քվեարկում:

-Ցավոք, քարոզարշավի ընթացքում մենք չկարողացանք բովանդակային քննարկում կազմակերպել «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների միջեւ: Քաղաքական գրեթե բոլոր ուժերը նման քննարկման ցանկություն չունեին: Մենք, որ մարզերում մոտ 60 հանդիպում կազմակերպեցինք, բազմաթիվ դեպքեր եղան, որ անձամբ ինձ զանգահարել են հեռուստաընկերություններից եւ բանավեճի հրավիրել «ոչ» ասող այսինչ գործչի հետ, ես բոլոր դեպքերում համաձայնել եմ, բայց հաջորդ օրը պարզվել է, որ «ոչ» ասողները հրաժարվում են բանավեճից: Ցավոք, ամբողջ քարոզարշավը տարվեց սեւ եւ սպիտակի, ատելության, չարության, թշնամանքի մթնոլորտում: Եվ թերեւս, բացի Դաշնակցությունից, նաեւ «Այո»-ի քարոզարշավի մյուս ուժերը չկարողացան փաստարկներով, բովանդակային համեմատություններով մեր քաղաքացիներին բացատրել: Սա է ամենամեծ դժվարությունը, հիմնական խնդիրը: Եթե մենք այս մթնոլորտում ենք շարունակելու աշխատել, ապա վստահ եմ, որ որեւէ լուծում չի գտնվելու: Մեր համոզումը` խորհրդարանական կառավարման համակարգի, նաեւ բխում է այստեղից, որ մենք պետք է կարողանանք քաղաքական դաշտը կայացնել, ընդդիմությունն ու իշխանությունը դառնան միասնական համակարգ, միասին լուծեն պետականաշինության հարցերը, այլ ոչ թե միմյանց վերաբերվեն իբրեւ թշնամիների:

- Իսկ նոր Սահմանադրությունը եւ ձեր պատկերացումների Ընտրական օրենսգիրքն այս հարցերի լուծումները կկարողանա՞ գտնել:

-Մենք առավելագույնը պետք է անենք: Եթե հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել, քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի այդ պատրաստակամությունն ընդունելն ու աշխատելը, որ նոր Ընտրական օրենսգիրքն անվստահություն ներշնչող, ընտրախախտումների առիթ տվող բոլոր հարցերի լուծումները ներառի: Նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի եկող տարի եւ պետք է ընդունվի ձայների երեք հինգերորդով: Որքանո՞վ քաղաքական ուժերը կաշխատեն, դրանից էլ կախված կլինի մեր հաջորդ համապետական ընտրությունների պատկերը:

- Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո, ըստ էության, մի նոր փուլ ենք մտել, ի՞նչ աշխատանքներ են սպասվում այս երկու տարվա ընթացքում ՀՅԴ-ին:

-Մենք, ի տարբերություն շատերի, միշտ կողմնակից ենք եղել հետեւողական աշխատանքով մեր պատկերացումների ճշմարտացիությունն առաջ տանելուն: Հսկայական աշխատանք կա օրենսդրական դաշտում, որը պետք է անցնենք փուլ առ փուլ: Առաջին` ամենակարեւոր փուլը նոր Ընտրական օրենսգրքի եւ ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի ընդունումն է: Մենք այսօր դրա վրա պետք է աշխատենք, դրանից հետո բազմաթիվ այլ օրենքներ են մեզ սպասում: Սա հնարավոր է միայն աշխատանքով: Հայհոյելով, փողոցային պայքարով որեւէ տեղ չենք հասնելու: Եթե մենք ունենք ցանկություն, եթե տեսնում ենք հեռանկար, պետք է դրա համար օրուգիշեր աշխատենք, որպեսզի ունենանք այնպիսի համակարգ, որտեղ բոլորն իրենց տեղը կունենան եւ դուրս չեն գա թշնամանքի, առճակատման ոլորտ:

Հարցազրույցը՝ Ագնեսա Խամոյանի