|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ազգային ժողովում, Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ, այս պահին փակ ձևաչափով քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիան: Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ բակից տեղեկացնում է, որ, քննարկմանը զուգահեռ, խորհրդարանի բակում բողոքի ակցիաներ են։ Ակցիաներից մեկն իրականացնում է Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը։ Մյուս ակցիան նախաձեռնել է բլոգեր Նարեկ Սարգսյանը։
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողի հարցին, թե ի՞նչ է մտածում կոնվենցիայի վավերացման մասին, պատասխանեց՝ միացել է կոնվենցիայի վավերացման դեմ ԱԺ բակում կազմակերպված ստորագրահավաքին: Նա շեշտեց՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մեր ազգային արժեհամակարգին:
Լրագրողի հարցին, թե, 2018 թվականի տվյալներով, կանանց դեմ իրականացված ընտանեկան բռնությունների փաստերով ՀՀ-ում 400–ից ավելի քրեական գործեր են քննվել, ԱԺ պատգամավորը պատասխանեց՝ ՀՀ-ն ունի ընտանեկան բռնությունը պատժող օրենդրություն և դրա անվան տակ չի կարելի վավերացնել մի բան, որն, ըստ էության, ուղղված է մեր ազգային արժեհամակարգը կործանելուն:
«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակը ոչ թե Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելումն է, այլ, կրկնում եմ, այդ անվան տակ Հայաստանում այլ բարքեր ներմուծելը, որին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կտրականապես դեմ է: Ի՞նչ է նշանակում՝ օրինակ, զուգընկերներով ընտանիք: Բոլորս մեծացել ենք ավանդական ընտանիքներում և պարտավոր ենք մեր երեխաներին ու սերունդներին ժառանգել այդպիսի արժեքներով ընտանիք»,- ասաց Գևորգ Պետրոսյանը: