կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-19 11:28
Տարածաշրջան

Թուրքիայի արձագանքը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Երուսաղեմի վերաբերյալ որոշման չեղարկմանը

Թուրքիայի արձագանքը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Երուսաղեմի վերաբերյալ որոշման չեղարկմանը

Թուրքիան խիստ է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունման դեմ ԱՄՆ-ի կողմից վետոյի կիրառմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն իր այս քայլով ցույց տվեց, որ «սպառել է իր անկողմնակալությունը»:

«Այն հանգամանքը, որ քվեարկության ընթացքում ԱՄՆ-ը միակ երկիրն է եղել, որ դեմ է քվեարկել որոշման ընդունմանը, ապացուցում է, որ ԱՄՆ-ի՝ Երուսաղեմի վերաբերյալ որոշումը անօրինական է: Տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող այս հարցում միջազգային հանրության կողմից որևէ քայլ չանելն անընդունելի է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի Պաղեստինի կողքին լինել և միջազգային կառույցներում կշարունակի սատարել պաղեստինցի ժողովրդի պայքարին:

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը և կոչ անում չեղարկել այս որոշումը:  Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է հավաքել: ԱՄՆ-ը` որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կիրառել է վետոյի` իր իրավունքը:

Նախագծում ասվում էր, որ «ցանկացած որոշում և գործողություն, որ ենթադրում է Երուսաղեմի կարգավիճակի և ժողովրդագրական կազմի փոփոխություն, իրավական ուժ չունի, անվավեր է և պետք է չեղարկվի»: