Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողական, քաղաքացիական ու հասարակական անհանգստություններն ու մտահոգությունները պետք է վերաբերեին ոչ միայն ՀՀ-ում ՌԴ դեսպանի երեկվա հայտարարությանը, թե պետք է չեզոքացնել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ սեպ խրող կազմակերպություններին, այլեւ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որն ավելի մտահոգիչ է. լրագրողներին այսօր ասաց ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը' հիշեցնելով, որ Հեֆերնը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի ելույթից հետո ամբողջ տեքստից թվիթ էր արել միայն այն հատվածը, որը վերաբերում էր ԼՂՀ' Սահմանադրությամբ ամրագրված տարածքներին:
«Կարծում եմ` ոչ պակաս, եթե չասեմ' շատ ավելի բուռն արձագանք պետք է առաջացներ»,- նշեց նախարարն ու անդրադարձավ երկու հայտարարություններին էլ:
Նախ, ՌԴ դեսպանի հարցազրույցին անդրադառնալով, Աշոտյանը նշեց, որ ԱԳՆ-ից արձագանք եղել է, և ինքն էլ այն կարծիքին է, որ Հայաստանում ՀԿ-ները գնալով ավելի մեծ դեր են ունենում, այդ կազմակերպությունների մի զգալի մասը պետականամետ ու հասարակականամետ է:
«Ակնհայտ է, որ կան նաեւ կազմակերպություններ, որ առաջնորդվում են «Ով վճարում է, նա պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով: Օրենսդրական դաշտի խախտումներով գործող ՀԿ ես այս պահին Հայաստանում չգիտեմ: Հետեւաբար, անգամ եթե քաղաքական տարաձայնություններ են լինում քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտների հետ, այն, բնականաբար, չի կարող հանգեցնել նրանց գործունեության օրենսդրական մեկնաբանությանը, եւ երկրորդ' հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ ոչ ոք չի կարող սեպ խրել, եւ չի հաջողվի որեւէ ՀԿ-ի, անգամ `ամենամեծ այլատեսակ գրանտով դա անել»,- կարծիք հայտնեց ԿԳ նախարարը:
Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի վերջին հայտարարությանը, ապա Արմեն Աշոտյանի անձնական կարծիքով` «թեպետ Հեֆերնն իմ գործընկերն է, ինչպես կասեն հռոմեացիք` ամիկուս Հեֆերն, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: «Հայաստանի իշխանության եւ ընդդիմության թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի, որպեսզի թույլ չտանք Հայաստանը, մասնավորապես` ԼՂՀ հակամարտությունը դարձնել գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի ինչ-որ նոր օջախ և Ռուսաստան-ԱՄ կամ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ներկա սրված փուլը Ուկրաինայի առիթով չպետք է թույլ տանք, որ տարածվի Ղարաբաղի վրա»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ Ղարաբաղը աշխարհաքաղաքական պայքարի համար փորձադաշտ չէ, Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքի համար է պայքարում, եւ այդ իրավունքի իրագործումը կախված չէ անգամ գերտերությունների' տվյալ ժամանակահատվածի քաղաքական շահերից: