Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց`արդյո՞ք նրա «դուխը» չի հերիքում «հարկային տեռոր անել արտոնյալներին», և այդ պատճառով են ընկել ՓՄՁ-ների հետևից: Ապա պատգամավորը նախարարին հիշեցրեց, որ նա բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասել էր որ ադեկվատ հարկային հավաքագրումներ են անելու:
«Հիմա հարց` այն, ինչ անում եք ՓՄՁ-ների նկատմամբ, ադեկվատ վարչարարությո՞ւն է: Չե՞ք կարծում, որ այդ ադեկվատ վարչարարությունը պետք է սկսեք այնտեղից, որտեղ կան լրջագույն օրինախախտումներ: Տեղերը մենք նշեցինք՝ 20 000 ապրանքատեսակ ներկրում է յոթ անձ, հարկ եղած դեպքում անուններն էլ կհրապարակենք: Ինչո՞ւ է ձեր ադեկվատությունը բռնել ՓՄՁ-ների վրա, որոնք ընդամենը օրվա հարց են վաստակում: Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»,-հարցրեց պատգամավորը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ժպտալով պատասխանեց. «Դուխներս հերիքում է, և մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինի նույնատիպ»: Նա նշեց, որ իրենք լավ են հասկանում, որ եթե չլինեն հավասար պայմաններ, չեն կարող հավակնել տնտեսական բարձր ցուցանիշների, ներդրումների արտոնյալ միջավայր չենք ունենա:
«Մենք լավ պատկերացնում ենք դրանք, բայց մի բան էլ պետք է հաշվի առենք՝ անկախ նրանից` տնտեսվարող սուբյեկտը մեծ է, թե` փոքր, հարկային պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով, ընդ որում` քիչ չեն դեպքերը, որ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ խոշորները փորձում են իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները մաքրել: Փաստաթղթավորումը մեր համար կարևոր խնդիրն է, և մենք մեր առջև դրել ենք խնդիր, որ լուծում տանք»,- ասաց նախարարը:
Նա հայտնեց, որ նույնիսկ եղել է դեպք, երբ տնտեսվարողը ներկրող է և ասում է, որ ֆիկտիվ խանութ չի ցանկանում բացել, որ շրջանառությունը մաքրի, բայց փոքր ու միջինները թուղթ չեն վերցնում իրենից: «Իրավիճակ կա, որ պետք է ճիշտ հաշվեկշիռը գտնենք: Ես, իհարկե, կիսում եմ Ձեր տեսակետը, որ հարկման ծանրությունը պետք է լինի խոշորների վրա, և մենք հենց այդպես էլ անում ենք: Այս տարվա հավաքագրումները, որ գերակատարելու ենք բյուջեի նախատեսվածից, հիմնականում խոշորներից ենք բերում, թվերն են ցույց տալիս, իսկ դա այն դեպքում, երբ 52%-ով էլ կրճատվել են ստուգումները»,- ասաց Արամյանը և հավելեց, որ դա ցույց է տալիս, որ փորձում են խոշորներին բերել հարկային դաշտ:
Նա նաև նշեց, որ ինքն ազդակ չի ստացել, որ ոտնձգություններ են կատարվում ՓՄՁ-ների նկատմամբ: «Եթե կան, նստենք, մտածենք որն է խնդիրը: Խնդիրը գալիս է նրանից, որ խոշորների հետ համակցված ՓՄՁ-ները աղմուկ են բարձացնում, որովհետև մենք փաստաթղթավորում ենք ուզում, իսկ որոշակի դիմադրություն կա, թե իրականում օբյկետիվ պատճառներ կան: Բայց մեր քաղաքականությունն ուղղված է խոշորներին կարգապահական դաշտ բերելուն, միջինին ու փոքրին հանգիստ վիճակում թողնելուն, բայց միևնույն ժամանակ փորձենք օղակները, որոնց միջոցով արտահոսում են ոչ ֆորմալ ներկրումները, կամ արտադրությունները փակենք, որի վերջնական սպառումը ՓՄՁ-ներն են»,- ասաց նա:
Զոհրաբյանն էլ նշեց, որ զարմանում է, որ նախարարը ազդակ չի ստացել: «Այս մարդիկ հազարներով ինչի՞ համար են գալիս, որ ԱԺ-ի ֆոնին նկարվեն ու գնա՞ն»,- հարցրեց նա և նշեց, որ իր գործընկներ պատգամավորներն ակնարկում են, որ իրենք խուսափում են հարկային դաշտ մտնելուց և դրա համար են աղմուկ բարձրացնում:
«Թող փորձ չանեն տրանսֆորմացնել, որ դեմ ենք հավասար մրցակցային պայմաններին, ոչ ավելի, քան կողմ ենք, բայց երբ հավասարների մեջ կան առավել հավասարներ և օրենքից դուրս մարդիկ, որոնց ամեն ինչ կարելի է, և հարկային արգելակներ չկան, մենք մեր ձայնը բարձրացրել ու բարձրացնելու ենք»,- ասաց պատգամավորը:
Նախարարը նշեց, որ սիրով ականջալուր կլինեն և կմտածեն` որտեղ է խնդիրը: