Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը, որը նույնպես ներկա է եղել օրեր առաջ Հայաստանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած միջոցառումը բացառիկ էր, և հարկավոր է շնորհակալություն հայտնել նրան:
Ըստ նրա` և՛ կազմակերպչական, և՛ խորքային իմաստով լուրջ ներկայացվածություն էր ապահովված, լուրջ քննակում էր ծավալվել առանձնացված հարցերի շուրջ: «Շատ լուրջ մարդիկ կային, բոլորն էլ` արհեստավարժ իրենց մասնագիտության մեջ: Համաժողովի ժամանակ ավելի շատ խոսվեց «Հայթեքի» եւ նորարարության թեմաների շուրջ: Կարևոր էր Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի, ամերիկացի նախկին զորավարներից մեկի ներկայությունը: Պարոն նախագահի բացման խոսքն էր բավական տպավորիչ, ու նրա ներկայացրած ճառը, որում խոսում էր Հայաստանի տեսլականի մասին: Այդ ամենը մեծ հույս էր ներշնչում: Ես էլ կարողացա իմ խոսքն ասել իբրև Սոցինտերնի փոխնախագահ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ընտրված օրակարգն ու թեմաները լուրջ են, իրատեսական:
Մարիո Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը կարող է ավելի արագ զարգանալ, եթե համաժողովի ժամանակ հնչած բոլորը մտքերը կյանքի կոչվեն, ու մտքերի բախումը, որ տեղի ունեցավ երեք օրվա ընթացքում, հետևություն թողնի, շարունակություն ունենա: Նա հույս հայտնեց, որ ՀՀ նախագահը կարող է այնպես անել, որ այդ ամենն իրականանա, այլ ոչ թե մնա որպես գեղեցիկ գաղափար կամ միջոցառում:
Դառնալով Սոցինտերնի գործունեությանը` Մարիո Նալբանդյանն ընդգծեց, որ կազմակերպությունը, հետևողական լինելով իր անցյալին, թե՛ այսօր, թե՛ ընդհանրապես իր առջև նպատակ է դրել է խաղաղության ամրապնդումն այնտեղ, որտեղ հակամարտություններ կան: «Թե՛ լատինաամերիկյան երկրներում, թե՛ մեր տարածաշրջանում եթե հակամարտություններ կան, փորձում ենք երկխոսության հարթակներ ստեղծել՝ Սոցինտերնի անդամ կուսակցությունների միջև: Այսօրվա դրությամբ` ֆինանսների ու լիբերալ քաղաքականության պայմաններում ներկայանում ենք այն գաղափարախոսությամբ, որ մարդու աշխատանքն ու աշխատանքային իրավունքները ոտնակոխ չլինեն: Գաղթականության հարցերին ենք օժանդակում` ընդունելով, որ միգրացիան տիեզերական թիվ մեկ հիմնախնդիրն է, ու Սոցինտերնը մեկ անգամ չէ հայտնել, որ դեմ է ցանկացած տեսակի խտրականության»,- ասաց Սոցինտերնի փոխնախագահը: