Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլում հնչած մի շարք էկզոտիկ մտքեր և լրջամիտ դեմքով սնամեջ դատողություններն ինձ ստիպեցին այդ դատողություններից մի քանիսին անդրադառնալ. խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում: Թիվ` աղքատության նվազման, տնտեսական աճի, գործազրկության նվազման, ներդրումների աճի և մի շարք այլ թվեր: Ուստի ես որոշեցի թերթել վերջին տարիների` ՀՀԿ-ական կառավարությունների խալաստոյ կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,- ասաց պատգամավորը:
Նա տարբեր տարիների` ՀՀԿ-ական կառավարության ղեկավարների մատնանշած թվեր ու խոստումներ օրինակ բերեց: «2017 թվականի համար Հանրապետական կառավարության Հանրապետական վարչապետը հայտարարեց 850 մլն դրամի ներդրումների մասին, ապա նախարարները փորձեցին բովանդակություն կարելու անհաջող փորձեր, և արդյունքում` բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում: Սա աննախադեպ ֆոկուս էր բլեֆագիտության ժանրից»,- ասաց Զոհրաբյանը:
Նա շարունակեց. «Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: Այս խոստումից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծը այդպես էլ մնացել բլեֆ, ավելին` ՀՀԿ-ական հերթական վարչապետը իր ծրագրում ներառեց և լուծարեց «Երկաթուղու շինարարություն տնօրինություն» ՓԲԸ-ն:
Մի քիչ էլ գնանք հետ` Գյումրու տեխնոպարկ, Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Մեծամորի ատոմակայանի նոր բլոկի կառուցում, նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում, կենսաթոշակների բարձրացում, աղքատության թվի կրճատում 8 տոկոսով` կրակված ու չիրականացված թվեր»:
Ապա պատգամավորը հիշեցրեց, որ այսօր աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, ապա ունենք 60 տոկոսը գերազանցող աղքատություն:
«Այստեղ նստած` մի նախկին պաշտոնյա (Արմեն Աշոտյան/խմբ./) խոստանում էր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով և դա անում էր Բոնապարտին վայել վստահությամբ: Մի քիչ էլ անցնեք առաջ` 100 հազարից ավելի աշխատատեղի ստեղծում, ընդ որում` ոչ գյուղատնտեսական ոլորտում: Զբաղվածության թիվը պետք է ավելանար 30 հազարով, իսկ հիմա, ըստ ԱՎԾ-ի, տեղի է ունեցել ոչ թե աշխատատեղերի աճ, այլ կրճատում»,- ասաց Զոհրաբյանը:
Նշենք` քանի որ Զոհրաբյանի ելույթի կեսից ընդմիջման ժամն էր արդեն, ՀՀԿ խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը:
Պատգամավորը նշեց, որ խոստացվել էր նաև` նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար դրամ, և դա էլ էր բլեֆ: «ՀՀԿ կուսակցության երկար և տանջալի կառավարության ընթացքում մեր երկրի արտաքին պարտքը մոտեցավ 7 միլիարդի հոբելյանական շեմին»,- ասաց նա և շարունակեց. «Հիմա դեմագոգիայի և ցինիզմի մասին` ՀՀԿ-ական վարչապետերից մեկն այս ամբիոնից տեքստ էր ասում` մենք պետք է ստեղծենք այնպիսի օրինապաշտ միջավայր, որում կոռուպցիան օրենքից վեր դասելը տեղ չի ունենա և կդատապարտվի բոլորի կողմից: Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է այս տարիների ընթացքում որևէ կոռուպցիոներ պատժվի կլանի` «օբշյակի» բարձրաստիճան ներկայացուցչի կողմից, իսկ նույն այդ կլանի վարչապետերից մեկն էլ ասում էր` նոր Հայաստանի կառուցումը մեր ձեռքերում ,է և մենք դա անելու ենք: Միակ բանը, որ դուք արել եք` ձեր ցինիզմով, ձեր լկտիությամբ ու Սահմանադրությունը պոլի շոր սարքելու` ձեր բեսպրեդելով` ավերել եք ամեն ինչ»:
Ամփոփելով խոսքը` Զոհրաբյանը նշեց, որ այս կառավարությունը մեկ գլխավոր խնդիր ունի` քանդել երկրի կոռուպցիոն կապանքները, սահմանել խաղի արդար, հավասար պայմաններ ու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: