կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-07 23:51
Հասարակություն

ՀՀ զինված ուժերում նշվել է հետախույզի օրը

ՀՀ զինված ուժերում նշվել է հետախույզի օրը

Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 7-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ:

Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել խաղաղության պահպանման գործում հետախույզների ավանդը՝ նկատելով, որ աշխարհի բոլոր բանակներում կա «հետախուզական լեգենդ» հասկացություն։ Սա այն պատմություններն են, որոնց իրապատում սյուժեներն ու հերոսները ոգեշնչում են, մղում քաջության ու խիզախության։ «Մեր իրականության մեջ այդ պատմությունների հերոսներն անմիջականորեն մեր կողքին են։ Նրանք Արցախյան պատերազմի մասնակից հետախույզներն են, նրանց արժանի հետնորդները, ապրիլյան պատերազմում վճռական դեր խաղացած հատուկ նշանակության ջոկատայինները և ամեն օր սահմանին հակառակորդին զսպող, նրա թիկունքում նպատակային գործողություններ իրականացնող մեր տղաները։ Գտնվել հերոսների կողքին, ծառայել հայրենիքին նրանց հետ` սա բացառիկ զգացողություն է, որը և՛ ոգեշնչող է, և՛ պարտավորեցնող», -ընդգծել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարը նաև վերհիշել և արժևորել է զորատեսակի անցած 25-ամյա դժվարին, բայց և պատվաբեր ճանապարհը կերտած այն հետախույզներին, ովքեր ընկել են մարտական առաջադրանքներ կատարելիս։ Նախարարի առաջարկով նրանց հիշատակը հարգվեց մեկ րոպե լռությամբ։

«Բնականաբար, չբարձրաձայնելով շատ ու շատ մանրամասներ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ դժվարին ու կարևոր ծառայության համար, որի շնորհիվ հակառակորդի ու մեր բոլոր չարակամների հեռագնա ծրագրերը հօդս են ցնդել և հօդս են ցնդելու ապագայում»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ հետախույզներին մաղթելով բազում հաղթական ակնթարթներ ու հպարտության առիթներ մասնագիտական պատվաբեր գործունեության մեջ։

Միջոցառման շրջանակում հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

Տոնական միջոցառման հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա սպառազինությանը, հանդերձանքին, կապի և դիտարկման միջոցներին, հետևել հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներին։