Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հինավուրց մի թաղամասում են ապրում արցախյան պատերազմի ընթացքում նահատակված հետախույզ Վահագն Թումասյանի ծնողները։ Տան շեմքին ինձ դիմավորում է հայրը՝ իմ սիրելի դասախոս, թուրքագետ Արամ Թումասյանը՝ ճերմակած, վշտից կռացած, երբեմնի ժպտուն աչքերի խորքում անսփոփ թախիծը ծվարած։ Ես ներս եմ մտնում հյուրասենյակ և մի պահ անշարժացած կանգ առնում. յուղաներկով մեծ կտավից ինձ է նայում խրոխտ կեցվածքով իմ հերոսը՝ Վահագն Թումասյանը՝ այնքան իրական, այնքան դյութիչ իր ժպիտով... Հայրն է պատվիրել որդու յուղաներկ նկարը, խոսում է նկարի հետ, համբուրում նկարը ու ամեն օր կարոտով սպասում...
Անփարատելի է Արամ Թումասյանի վիշտը։ Ճակատագրական ու ողբերգական 2020 թվականին որդու առեղծվածային կորուստը դարձավ նրա կյանքի մեծագույն հարվածը։ Մինչ օրս պարզված չէ Վահագն Թումասյանի մահվան ստույգ հանգամանքները, ծառայակիցների վկայությունները երբեմն խիստ հակասական են։ Գիշերն ի լույս Արամ Թումասյանին մի հարց է տանջում. «Արդյո՞ք նենգ դարանում զոհվեց որդին դավադիրի մատնությամբ»։ Զոհվելուց առաջ չորս րոպեի ընթացքում Վահագնը քսանինը անգամ զանգահարել է, դեռևս հայտնի չէ, թե ում...
Արամ Թումասյանին տանջող բազմաթիվ ինչուներ մինչ օրս մնացել են անպատասխան։ Նա գլխիկոր շրջում է սենյակում, նայում Վահագն որդու նկարին, աչքերն արցունքոտ, ինքը տխուր, հայացքը հարցական. «Ո՞ւր ես որդի, մի՞թե չես գալու»։ Հայրը համակվել է մի մեծ սպասումով՝ վանելով Վահագնի մահվան իրողությունը: Որդու՝ հրաշքով ողջ մնալու տարտամ հույսը դարձել է փրկագոտի նրանց համար... Մայրը՝ Մարիամ Թումասյանը, արցունքն աչքերի խորքում ամբարած, պատմում է.
-Երբեմն երկար նստում եմ այստեղ՝ մտքերի մեջ խորասուզված, և ինձ թվում է՝ ուր որ է հանկարծ դուռը բացվելու է, և ներս է մտնելու Վահագնս՝ թիկնեղ, հպարտ իր քայլվածքով և ուրախ ձայն է տալու. «Մե՞րս, ո՞նց ես»։
Հետախույզ Վահագն Թումասյանը. ո՞վ էր նա:
Թուրքագետ Արամ Թումասյանի և գյումրեցի Մարիամ Թումասյանի միակ որդին էր Վահագնը: Արամ Թումասյանը ծնվել, հասակ է առել Ստամբուլի հին հայկական թաղամասում:
-Ստամբուլի Պեզճյան վարժարանում Հրանտ Դինքի հետ էինք սովորում, մտերիմ էինք։ Երբ երկու տարեկան եմ եղել, 1955 թվականին Ստամբուլում թուրքերը ազգային փոքրամասնությունների երկրորդ կոտորածն են իրականացրել, և այդժամ Նշան պապս պատգամել է ծնողներիս. «Արամը պետք է հայկական բանակում ծառայի»։ Տասնինը տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Հայաստան։ Հանդիպեցի կնոջս՝ Մարիամ Թումասյանին, ամուսնացանք Հայաստանում։ Վահագնը ծնվեց 1981 թվականի օգոստոսի 5-ին Աբովյան քաղաքում։ Մանուկ հասակից նա սիրահարված էր ռազմարվեստին, նրա խաղալիքները ավտոմատներ էին, տանկերն ու հրացանները, մենք զգում էինք, որ նա զինվորական է դառնալու:
Գնաց ընմբշամարտի, այնուհետ սովորեց չինական մարտարվեստը, տիրապետում էր այդ մարտարվեստի հմտություններին: Ձյուդո մարզաձևի Հայաստանի առաջնության երիտասարդների հաղթող ճանաչվեց: Ավարտելով Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցը՝ ընդունվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետ, այնուհետ ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հայաստանի հարակից երկրների պատմության» ամբիոնի մագիստրատուրան:
Անցնելով պայմանագրային ծառայության ՀՀ Զինված ուժերում՝ հասավ մինչև հրամանատարի տեղակալի պաշտոնին: Ահա նրա մեդալները, շքանշանները՝ «Մարշալ Բաղրամյան», ՀՀ սահմաններն անառիկ պահելու գործում կատարած հատուկ առաջադրանքի համար ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության համար» մեդալ, «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներ, «Արժեքավոր նվեր»։
Լուսանկարում Վահագնը՝ հայրիկի հետ (4 տարեկան հասակում)
Նահապետական իշխանաց ազնվազարմ շառավիղը
-Թումասյանների նախնիները Կարինի նահապետական իշխաններից էին: Թումաս իշխանը, որ Բարձր Հայքում է ապրել, միավորել է նահապետական իշխաններին և աչքի է ընկել իր քաջությամբ, բարությամբ: Այդ հատկանիշները փոխանցվել են սերնդեսերունդ. Վահագնը մեր տոհմի ազնվազարմ շառավիղներից մեկն էր, մեր հպարտությունը, նա կրում էր իր նախնիներից ժառանգած ոչ միայն վեհ հատկանիշները՝ բարի էր, անձնուրաց, նվիրված, խիզախ, այլ նաև երաժշտական բացառիկ ունակություններ ուներ, որոնք փոխանցվել են նաև իր դստերը՝ Մարիամ Թումասյանին։ Հայրական տատիս՝ Սիլվի Թումասյան-Զաքարյանի հայրը զուռնահար է եղել, իսկ Վահագնի պապիկը՝ Անդրանիկ Թումասյանը՝ դուդուկահար: Վահագնը նրանից էր ժառանգել դուդուկ նվագելու ունակությունը և նվեր ստացել պապիկի դուդուկները: Որդիս նաև լավ թմբուկ էր խփում, կլառնետ էր նվագում։ Հայր ու աղջիկ միասին նվագում էին, երգում։ Վահագնը իր նախնյաց պարերը հրաշալի էր պարում։
Ես նրան հաճախ էի պատմում մեր տոհմի պատմությունը։ Մեր նախնիները Կարնո (Էրզրումի) նահանգի Դերջան գավառից են: 1915 թ. մայիսին թուրք ջարդարարները կոտորել են Դերջանի հայերի մեծ մասին, շատերին խեղդամահ արել: Տեղահան եղած ավելի քան 1000 դերջանցիներ հաստատվել են աշխարհի տարբեր երկրներում: Վահագս ամեն անգամ թուրք բառը լսելիս ասում էր. «Գնալու եմ սատկացնեմ դրանց»:
Վայրի աղավնիները
-Վահագնը շատ հայրենասեր մեծացավ։ Ես նրան պատմել եմ ծնողներիս հայրենի գյուղի՝ Երզնկայի Մանանաղի գյուղի մասին։ Այդպես է կոչվել գյուղը, քանզի գյուղի մոտակա սարերում աղի հանք է եղել, որտեղից պարկերով աղ են տարել և կիրառել բուժական նպատակներով։ Եվ երբ տարիներ անց որպես հետախույզ Վահագնը այցելում է իր պապերի գյուղ, խորհրդանշական դեպք է տեղի ունենում։ Պատմում էր տղաս. «Երբ գյուղ մտանք, ամպերը մթնեցին և մեր մեքենայի գլխավերևում հայտնվեցին վայրի աղավնիներ, մեր էնտեղ գտնվելու ողջ ընթացքում այդ աղավնիները ուղեկցում էին մեզ։ Իսկ երբ գյուղից դուրս եկանք, տեսանք, թե ինչպես վայրի աղավնիները թռան դեպի Սեպուհ սար»։ Յուղաներկով այս նկարը պատվիրելիս ես ցանկացա, որ իր ոտքերի տակ պարկուճների կողքին լինեն նաև այդ խորհրդանշական վայրի աղավնիների փետուրները։
Այ էդպիսի հզոր տղա էր իմ առյուծասիրտ որդին...
-Մասնագիտությամբ պատմաբան էր Վահագնը, փայլուն տիրապետում էր թուրքերենին, ադրբեջաներենին, շատ էր ուզում հետախույզ դառնալ, սակայն նրան չէին ընդունում հատուկ նշանակության զորքեր՝ պատճառանելով, թե հայրդ ծնունդով Թուրքիայից է։ Ի վերջո ես խոսեցի նրանց հետ և պայման կապեցինք, որ ինքս էլ մտնեմ այդ համակարգ: Ես տղայիս հետ հետախուզությունում շուրջ երեք տարի աշխատել եմ, շուրջ տասը տարի թուրքերեն և ադրբեջաներեն եմ դասավանդել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Որդուս ես էի սովորեցրել թուրքերեն, ադրբեջաներեն, նա հրաշալի էր տիրապետում հակառակորդի լեզուներին և հրաշալի հետախույզ դարձավ: Գերազանցության դիպլոմով ավարտեց ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ակադեմիայի դասընթացները, ոսկե մեդալով ավարտեց ՉԺՀ հատուկ անվտանգության ապահովման դասընթացները։ Մասնակցեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Ադրբեջանագիտություն» հատուկ դասընթացներին:
Ընկերները պատմում են, որ Վահագն Թումասյանը հաճախ էր հայտնվում թշնամու խորը թիկունքում, երկու ձեռքին երկու ավտոմատ բռնած էր մտնում թշնամու խրամատ, մի ծայրից մտնում, մյուսից դուրս գալիս։ Փայլուն կատարելով առաջադրանքները՝ անվրդով դեմքով վերադառնում էր տուն։
Մայրը վերհիշում է. «Ամռան մի օր եկան ընկերներով, թե՝ մեր ջան ի՞նչ կտաս ուտելու, ասացի բորշչ ունեմ Վահագ ջան ու մտածեցի մի ղազղան բորշչն էս ամրակազմ տղաներին ինչ: Իջան խանութ մի 100 հատ ձու առած եկան, կաթսաների մեջ ձվածեղ սարքեցին, ասացին՝ էլ ի՞նչ կա ուտելու, գնացին, պահածոներ բերեցին, Վահագս բանկաները ձեռքով էր բացում, այդքան ուժեղ էր։ Բացեցին պահածոների տարաները ու նստեցին, ամենքը մի բանկայի մեջից ուտում էին ինչպես դաշտային պայմաններում, կերան խմեցին, երգեցին, ուրախացան։
Երբ ընկերները գնացին, մտավ լողացավ դուրս եկավ, պայուսակը բացեց հանեց «Ազերի» չայ, «Բաքու» ծամոն, հարցրեցի զարմացած. «Վահագ ջան, էս ի՞նչեր ես դրել սեղանին, ասաց ոչինչ մերս, ամեն ինչ նորմալ է»։ Դե ինքը լռակյաց էր, իր գործերից մեզ ոչինչ չէր պատմում: Օրեր անց ընկերոջը հարցրեցի՝ էդ ո՞ւր էիք գնացել, պատմեց. «Սահմանն անցանք, մենք մեր գործողությունն արեցինք, և որպեսզի կասկածի տեղիք չտայինք, Վահագնը մեզ հրահանգեց հեռանանք, ինքը մնաց։ Սարոչկեն հագավ, կապեց, էնտեղ հարսանիք կար, գնաց հետները մասնակցեց, ասեց, խոսեց, կերավ խմեց, պարեց, մեզ համար էլ ուտելիքի մի տոպրակ վերցրած վերադարձավ։ Մինչև սահմանն անցավ, քրտինքը վրայից թափվում էր։ Ասաց՝ տղերք վերցրեք հաց կերեք, մազ էր մնացել, որ բռնվեինք»: Այնքան վարժ էր խոսում ադրբեջաներեն, որ տղերքին ասել էր դուք հեռացեք, որ կասկածի տեղիք չտանք, ինքը մնացել էր։ Այ էդպիսի հզոր տղա էր իմ առյուծասիրտ որդին...
Արկածներով, վտանգներով լի է հետախույզի կյանքը, և ինչպես մի անգամ նշել է խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը. «Հետախույզի մասնագիտությունը հեռու է ռոմանտիկ արկածախնդրությունից և իրականում նրա հիմքում դրված են ինքնամոռաց նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը։ Հետախույզից պահանջվում է ոչ միայն մտավոր և հոգեբանական գերազանցություն, այլև ֆիզիկական պատրաստվածություն, նպատակասլացություն, տոկունություն, աշխատասիրություն»։ Ուշագրավ է, որ բացառիկ հետախույզների է վիճակվում պարգևատրվել Գևորգ Վարդանյանի անվան մեդալով։ Եվ միայն թվարկված հատկանիշների իրական կրողը՝ Վահագն Թումասյանը, Հայաստանում քչերից մեկը, արժանացել է «Գևորգ Վարդանյան» մեդալի՝ հատուկ առաջադրանքի կատարման համար։
ԴՆԹ հետազոտություն այդպես էլ չարեցին
-Որդուս մահվան հանգամանքները հանելուկային են, իմ ոչ մի հարցին համապատասխան գերատեսչությունում հստակ պատասխան չեն տալիս։ Ես պահանջեցի իր հեռախոսի տեղաշարժի վերծանումը, ըստ որի նա հասել է Սարինշեն, Խնձաձոր՝ Հադրութի և Ջաբրայիլի սահմանագիծը։ Նրանք գտնվել են ոչ առաջնագծում այլ երրորդ գծում, և անօդաչու թռչող սարքը համառորեն հրթիռներ է նետել հենց այդ տարածքում: Այնուհետ ինձ ասացին, որ դավադրությունը բացահայտվել է, կապի ծառայության մի աշխատակից է նրա տեղորոշման տվյալները փոխանցել հակառակորդին՝ հրթիռակոծությունից առաջ հինգ անգամ զանգելով Վահագնին՝ մի անգամ յուքոմով, չորս անգամ վիվասելով տեղորոշելու նկատառումով անշուշտ, սակայն Վահագնը չի պատասխանել: Այնպիսի զգացողություն ունեմ, որ իմ որդին հասկացել է, որ իրենց դավադրաբար ուզում են վերացնել։ Նա պրոֆեսիոնալ հետախույզ էր, հասկացել է, որ իր տեղն են ուզում իմանալ և անընդհատ տեղաշարժվել է։ Այնուհետ ինձ ասացին, որ Վահագնը վիրավոր է եղել, տարել են Ստեփանակերտ, հիվանդանոցում ընկերները գնացել տեսել են։ Այնուհետ գնացել է Կարմիր շուկա, Շուշի...
Առեղծված է: Ծառայակիցներից մեկը պատմեց, որ հոկտեմբերի 11-ի գիշերը Վահագն Ասատրյանը և Վահագն Թումասյանը հանդիպել են բունկերում, զրուցել, որդիս առաջարկել է զորքը հետ քաշել, ասել է՝ Հադրութից ճեղքած գալիս են, մենք շրջափակման մեջ ենք։ Նրանք երկուսն էլ պլաններ ունեին, որոնք չհաջողվեց ներկայացնել վերադասին։ Իսկ հաջորդ օրը երկուսն էլ զոհվեցին։ Ես պահանջել եմ ծառայողական քննություն անցկացվի։ Էդպիսի պատրաստություն անցած տղան անհնար էր այդքան անզգույշ լիներ, որ բաց թիրախ հանդիսանար հակառակորդի համար։ Դավադրություն է եղել։
Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ այդ օրը առավոտյան, ասաց՝ պապա ես էստեղ եմ։ Հաջորդ օրը երեկոյան բերեցին մարմինը։ Հագուստը, բատինկաները առանձին բերեցին, շղթան՝ առանձին։ Մարմինը մենք չենք տեսել։ Փակ հուղարկավորեցինք, ասացին դեմքն այրված է, մայրը չուզեց բացենք։ Ինձ համար առեղծված է, ուզում եմ իմանալ՝ ինչպես է իմ որդին զոհվել։ Վահագնի հագուստը բերել են, արյան հետք չկա, բատինկաների վրա արյուն չկա։ Եթե նա իսկապես ծանր վիրավորվել է, ինչո՞ւ հետք չկա։ Ասում են՝ մարմինը ամբողջական էր, միայն դեմքն էր սևացած, սակայն դագաղը որ վերցրինք, թեթև էր, իմ որդին մոտ 100 կգ քաշ ուներ։ Երբեմն մտածում եմ, որ գուցե ուրիշի մարմինն ենք հուղարկավորել։ Եկան արյուն վերցրեցին, սակայն ԴՆԹ հետազոտություն այդպես էլ չարեցին, ինչո՞ւ։ Ինչուներն այնքան շատ են, մխրճվել են իմ մեջ ու հանգիստ չեն տալիս։
Արժեքավոր ապացույցներն անհետացան
-Վահագնը առաջինն է բացահայտել իսլամական վարձկաններին, հայկական համազգեստով ծպտված վեց ռազմագերի է բերել՝ այդ թվում վարձկաններ։ Նրանցից վերցրել է բոլոր փաստաթղթերը, ապացույցներ հավաքել առ այն, որ այս պատերազմում Ադրբեջանի կողմից մեր դեմ կռվում էին նաև իսլամիստ ահաբեկիչները։ Ու էդ ողջ ինֆորմացիան զոհվելիս նա կրում էր իր վրա, սակայն հետո անհետացան այդ ապացույցները, մենք չգտանք: Օրեր անց իմանում ենք, որ շարքային կոչումով մեկը խիստ գաղտնի փաստաթղթեր է բերել Երևան և որդուս վաստակը իրեն վերագրելով, ներկայացնելով դրանք յուր անունից՝ խրախուսանքի արժանացել։
Եթե Վահագները կենդանի լինեին, Շուշին կպաշտպանվեր։ Նրանք երկուսն էլ հզոր տղերք էին...
-Զոհվելուց առաջ ճեղքելով թշնամու դիմադրությունը՝ Վահագն Թումասյանը մտել է Ջաբրայիլ՝ զինվորներին հերթով նստեցրել «Ուրալ»-ն ու, մեքենայի լույսերն անջատած, գիշերով դուրս բերել շրջափակումից՝ փրկելով մոտ ութ տասնյակ զինվորի կյանք: Փրկված զինվորներն են պատմում, որ հետախույզների իր ջոկատից ոչ մեկին Վահագնը չէր տարել առաջնագիծ, մենակ էր գնացել իրենց հանելու...
Ինձ տրամադրած մի տեսագրությունում ես տեսա, թե ինչպես Վահագնը քայլում է դեպի խրամատ, անօդաչու թռչող սարքը հարվածում է, որդիս թևերը բացում է ցատկում դեպի խրամատ՝ իր մարմնով ծածկելով ընկերներին, իր թիկունքի վրա առնելով բեկորները... Վահագնին խրամատում օգնություն ցուցաբերած բուժքույրը մեզ պատմեց. «Մեկը գոռաց՝ Թումասյանին խփին, հասեք։ Ես արագ մոտեցա, փոխգնդապետի մեջքն ամբողջությամբ ծածկված էր բեկորներով»։ Այնուհետ մոտակա բլրից վազելով մոտեցավ Վահագն Ասատրյանը, և երկրորդ հրթիռը արձակվեց»: Եթե Վահագները կենդանի լինեին, Շուշին կպաշտպանվեր։ Նրանք երկուսն էլ հզոր տղերք էին։
Կանխազգացո՞ւմ, թե՞ պատահականություն
Կանխազգացո՞ւմ էր, արդյոք, թե՞ պատահականություն՝ մահից օրեր առաջ գրել յուր կենսագրությունը և պահ տալ միակ դստերը.
-Պապաս ասաց՝ սա իմ կենսագրությունն է, մոտդ կպահես, ոչ ոքի չտաս... Նա մանրամասն գրել էր իր անցած ուղու, ընտանիքի մասին, մահից հետո ես ամբողջացրել եմ հայրիկիս կենսագրականը...
Դստեր՝ տասներեքամյա Մարիամ Թումասյանի քնքուշ դեմքին կարոտով շաղախված մեղմ մի ժպիտ է հայտնվում հոր մասին խոսելիս.
-Հայրս ոչ ոքի չէր ասել, որ մեկնում է ռազմաճակատ։ Մենք հետո ենք իմացել՝ ինչ ազգանվեր գործեր է արել իմ հայրիկը։ Զոհվելուց օրեր առաջ եկավ դպրոց, մաթեմատիկայի ժամ էր, ես դուրս եկա և գնացի գրկեցի հայրիկիս... Կարոտում եմ նրան, կարոտում եմ մեր զրույցները, երգերը, պարերը։ Ես շատ փոքր էի՝ երեք թե չորս տարեկան, հայրս սովորեցրել էր ինձ հայրենասիրական երգերի բառերը, մեղեդիները և մենք միասին երգում էինք, երբեմն ինքը դուդուկ էր նվագում, ես երգում էի։ Կիրակի օրերին հաճախ ճամփորդում էինք, ճանապարհին միշտ երգում էինք։ Ընկերներիս պատմում եմ իմ հայրիկի խիզախությունների մասին: Հայրիկիս խրոխտությունը, հպարտությունը շատ էի սիրում... Ամենադժվար պահերին անգամ նա փորձում էր հումորով թեթևացնել տվյալ իրավիճակը։ Երբ հոգնած գալիս էր տուն, միասին ֆիլմ կամ մուլտֆիլմ էինք նայում, կատակում, ծիծաղում։ Հայրս շատ նուրբ հումոր ուներ, խոսում էր գրեթե բոլոր բարբառներով, ինչպես նաև թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, մասամբ չինարեն, հունարեն։
Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկն անվանակոչվեց հետախույզ Վահագն Թումասյանի անունով: Լսարանում ամեն բան անխոս պատմում է խիզախ հետախույզի փառավոր ուղու մասին՝ լուսանկարներ, մեդալներ, պատվոգրեր, անկյունում՝ հետախույզի զենքը, ռացիան, անձնական իրերը...
«Լսարանի բացմանը բակի երեխաները եկել էին զինվորական համազգեստով, Վահագնը ներշնչել էր հերոսական ոգի, հայրենասիրություն, նրանց ասում էր՝ սպորտի գնացեք, որ ուժեղ լինեք, բոլորիդ զինվորական եմ դարձնելու»,- պատմում է մայրը:
«Վահագնը փայլուն դիվանագետ էր լինելու, որովհետև տիրապետում էր բոլոր նրբություններին, փայլուն թուրքերեն գիտեր, նրա հետ զրուցելիս զգում էի, որ ազգային դիմագիծ ուներ, համեստ էր, անմիջական, քչախոս, սակայն գործողություններում շատ վճռական»,- ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանի:
Այս պատերազմում հաղթանակ կերտողները հենց նրանք էին լինելու՝ Եռաբլուրում վաղաժամ հանգրվանած, հավերժի անմահ ճամփորդներ դարձած հայրենասերները, որովհետև նրանց պայքարը վճռական էր, լի մարտական ոգով, բարձր պատրաստվածությամբ, հավատով ու անհավանական սխրանքներով...
«…Ես այցելում եմ Եռաբլուր ու սևերես կանգնում որդուս շիրմաքարի մոտ, կսկիծը սրտումս ասում. «Վահագ ջան, ես պատասխան չունեմ քեզ տալու. և՛ ձեզ կորցրեցինք, և՛ ձեր արյամբ ներկված հողը տվեցինք»:
Ձեր բազմազբաղ առօրյայում ժամանակ գտեք և զանգահարեք կամ այցելեք լեգենդար հետախույզի ալեհեր ծնողներին, նրանք ուրախությամբ կհյուրընկալեն ձեզ իրենց հարկի տակ, պարզապես զրուցեք նրանց հետ, որդու մասին ձեր հիշողությունները պատմեք, և նրանց թաց աչքերի խորքում վշտի հետ միախառնված հպարտություն կնշմարեք: Իսկ տունդարձի ճանապարհին երկար կխորհեք անդառնալիորեն խորտակված նրանց երազանքների, հետզհետե թանձրացող մեր կորուստների մասին և կվերհիշեք Դարվիշ Մահուդի միշտ արդիական տողերը. «Պատերազմը կավարտվի։ Ղեկավարներն իրար ձեռք կսեղմեն՝ մինչ մայրը կշարունակի սպասել իր նահատակ որդուն, դեռատի կինը կսպասի իր սիրելի ամուսնուն, երեխաները կսպասեն իրենց հերոս հորը... Ես չգիտեմ, թե ով վաճառեց Հայրենիքը, բայց տեսա, թե ով վճարեց գինը...»:
Վարդինե Իսահակյան