կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-07 11:50
Հասարակություն

Վաղաշենը, Աստղաձորը, Զոլաքարը, Վարդենիկը Մարտունիին կապող ճանապարհի հիմնանորոգումն ավարտված է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։

Նախարարի ուշադրության կենտրոնում էին մարզի ճանապարհաշինական ծրագրերը։
 
Ծովակ, Լճաշեն, Մաքենիս, Ախպրաձոր գյուղական համայնքները կապող համայնքային նշանակության ճանապարհը տարիներ շարունակ անանցանելի էր։
Նախարարի նախորդ այցի ընթացքում, բարձրաձայնելով խնդիրը, այս համայնքների ղեկավարները խնդրել էին լուծումներ գտնել։ Ճանապարհը ներառված չէր 2017թ. ճանապարհաշինական ծրագրերում և հիմնանորոգման հնարավորություններ չկային։
 
Որպես ժամանակավոր այլընտրանքային լուծում՝ որոշվեց կիրառել ճանապարհի վերականգնման ավազակոպճային եղանակը։
 
11,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը հարթեցվել է Սևանի մայրուղու հիմնանորոգման ընթացքում հանված հին ասֆալտի աղացած խառնուրդով և դարձել երթևեկելի։ Աշխատանքներն իր միջոցներով իրականացրել է «Կապավոր» շինարարական ընկերությունը։
 
Համայնքների ղեկավարներն ու բնակիչները գոհ են կատարված աշխատանքից, քանի որ հիմա արդեն կարող են գյուղմթերքը տանել վաճառքի, ինչի հնարավորությունը մինչ այդ չկար։
 
«Այսօր «Գազել»-ները բարձրանում, գյուղից բնամթերք են վերցնում։ Իսկ նախկինում բնամթերքը պետք է մեր ունեցած տեխնիկայով իջեցնեինք մայրուղու մոտ, որպեսզի կարողանայինք հանձնել»,- նշեց Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը:
 
«7-րդ դարի Մաքենաց եկեղեցի ունենք, որը լավ զբոսաշրջային գոտի է։ Մարդիկ գալիս էին և, ճանապարհը վատ վիճակում տեսնելով, չէին ուզում անցնել, որովհետև անանցանելի էր։ Այսօր արդեն բարեկարգ վիճակում է։ Ճիշտ է, ժամանակավոր է, բայց նման ճանապարհ չենք ունեցել»,- ասաց Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը:
Կատարված աշխատանքի մասին իրենց գոհունակությունը հայտնեցին նաև վարորդները:
 
Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի  քաղաքին  կապող հիմնական ավտոճանապարհի հիմնանորոգումն արդեն ավարտված է։
«Կապավոր» շինարարական ընկերության ղեկավարը նախարարին ներկայացրեց կատարված աշխատանքները. 10,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ վերակառուցվել է: Վերականգնվել է հողային պաստառը, կատարվել են ջրահեռացման համակարգի նորոգման, մայթերի կառուցման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:
 
Հիմնանորոգվում է նաև մարզի  Երանոս – Վարդաձոր - Ձորագյուղ - Ծակքար  համայնքները շրջկենտրոնին կապող մոտ 7, 3 կմ երկարությամբ ճանապարհը։
 
Այստեղ ավարտվել են ջրահեռացման  համակարգի, արհեստական կառուցվածքների, կողնակների, մայթերի և երթևեկային  մասի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, նաև գծանշման, ճանապարհային  նշանների և մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքները։ Սակայն պայմանագրով նախատեսված ժամկետում՝ սեպտեմբերի 16-ին, ճանապարհը դեռևս շահագործման չի հանձնվել։ Շինարարները որպես արդարացում տարաբնույթ պատճառաբանություններ են բերում, թե ջրագծի վերանորոգման պատճառով արդեն նորոգված ասֆալտն է քանդվել, եղանակն է վատ եղել, և այլն։
 
Սակայն, անկախ ամեն ինչից, ժամկետի խախտման համար շինարարը ստիպված կլինի պայմանագրով  նախատեսված  տույժերը  վճարել։
 
Ներկայում շարունակվում են այս ճանապարհահատվածի հարակից փողոցների ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտապատման և  քարե շարվածքով պատերի կառուցման  աշխատանքները:
 
Նախարարը կապալառու շինարարական կազմակերպությանը հանձնարարեց արագացնել տեմպերն ու մինչև նոյեմբերի 15-ն ամբողջությամբ ավարտել շինարարական աշխատանքները։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն