կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-30 13:03
Տնտեսական

Տնտեսությունը պետք է աճի ու հետևից քաշելու է նաև աշխատավարձերը. նախարար

Տնտեսությունը պետք է աճի ու հետևից քաշելու է նաև աշխատավարձերը. նախարար

ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց, որ եկել, ասում են, թե, հաշվի առնելով հնարավորությունները, 3 տարի աշխատավարձ, թոշակ չեն բարձրացնելու:

«Համաչափ, որոշակի տրամաբանություն պետք է լինի, թե չէ` գնաճ կլինի, աշխատավարձ չեք բարձրացնի, անունը կդնեք կապիտալ ծախսի վրա եք տանում, բայց դրա էֆեկտը կարող է լինել այն, որ 2 տարի հետո պարզվի, որ էլի 4 տարի է պետք»,- ասաց նա:

Վարդան Արամյանը նշեց, որ չի հասկանում՝ ի վերջո, պատգամավորն ինչ է վիճարկում:

«Վիճարկում ենք էն, որ էս երկրում, ի վերջո, նվազագույն թոշակներն ու աշխատավարձերը պետք է բարձրանան, թե չէ` հայտարարել եք` 3 տարի չեն բարձրանալու»,- բացատրեց Մելքումյանը:

Վարդան Արամյանը համաձայնեց պատգամավոր հետ, բայց միաժամանակ հավելեց, որ նվազագույն աշխատավարձեր են պետք, որոնք սոցիալական գործիք կծառայեն դրա համար: «Ճիշտ եք ասում` տնտեսությունը պետք է աճի ու հետևից քաշելու է նաև աշխատավարձերը, և երբ ժամանակի ընթացքում գործազրկությունը սկսում է ավելի ագրեսիվ նվազել, այստեղ տնտեսությունը սկսում է նաև արտադրողականության հաշվին աշխատել ու աճ արձանագրել, դա անխուսափելի է: Բայց մյուս կողմից էլ, բնականաբար, պետությունը պետք է հաշվի նստի սրա հետ, որ սոցիալական գործիքներ ներդնի և նվազագույն աշխատավարձը բարձրացնի, սոցիալական խնդիրներն այս կերպ թիրախավորված կլինեն»,- ասաց նա:

Թոշակների բարձրացումը, ըստ Արամյանի, եկամուտների աճին զուգահեռ, անխուսափելի է, սակայն խնդիրը հետևյալն է՝ ինչպես և երբ: «Ինչպես»–ի պատասխանը հիմա պարզ է: Մեր քաղաքական թիմն ասում է, որ մենք այսօր խնդիր ունենք լուծելու. դու չես կարող վազել 10 հատ նապաստակի հետևից, պետք է թիրախավորես մեկը կամ երկուսը` ամենակարևորները, որպեսզի մյուս հարցերը լուծես: Վազեցիր 10 նապաստակի հետևից, դատապարտված ես ձախողման: Մենք ունենք հստակ տեսլական։ Երբ ներկայացրեցինք 2017թ.-ին, ասացինք` կայունացնելու ենք, 2018թ.-ին ունենալու ենք զարգացման աճ: Մենք վստահ ենք, որ ջանքերն արդարացված են, միաժամանակ, դրա հետևից սոցիալական խնդիր ենք լուծելու»,- ասաց նա:

Վարդան Արամյանը նշեց, որ ինքը թոշակառուի առջև ավելի ազնիվ կլինի, եթե ասի՝ եթե հիմա բարձրացնում եմ  ձեր թոշակը 5000 դրամով, բյուջեի մեջ ստեղծում եմ 25 մլրդի լրացուցիչ պահանջ, բայց ես դա ի զորու եմ ներքին տնտեսության և ներքին կարողության աճի հաշվին անել՝ միջնաժամկետում և երկարաժամկետում ապահովել, ոչ թե պարտք եմ վերցնելու և ձեր թոշակները վճարեմ: