կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-27 14:38
Հասարակություն

Երիտասարդների մասնակցությամբ է, որ պիտի դիմագրավենք Հայ դատի վերանորոգ մարտահրավերներին. Հարութ Շիրինյան

Երիտասարդների մասնակցությամբ է, որ պիտի դիմագրավենք Հայ դատի վերանորոգ մարտահրավերներին. Հարութ Շիրինյան

Հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում կայացավ Եվրոպահայերի 4-րդ համագումարը, որի աշխատանքները «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ամփոփել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հա­ղոր­դակ­ցու­թյան և հա­սա­րա­կայնու­թյան հետ կա­պե­րի պատասխա­նա­տու Հարութ Շիրինյանը:

– Հարգելի´ Հարութ, փորձենք ամփոփել Եվրոպահայերի 4-րդ համաժողովը: Միշտ որևէ գործ սկսելուց առաջ հստակեցվում են նպատակները, ո՞րն էր համագումարի նպատակը և ինչպե՞ս այն իրագործվեց:

– Ինչպես Եվրոպահայերի նախորդ երեք համագումարները, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնած, իր տեսակի մեջ արդեն չորրորդ այս համագումարի նպատակները նույնն են մնում՝ համատեղել եվրոպահայերին և Եվրոպայում գործող քաղաքական, քաղաքացիական, կղերական, մշակութային և կրթական հայկական հաստատությունների ու կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչների, որոնց հնարավորություն է տրվում զրուցելու, քննելու, քննարկելու, միասնաբար արտահայտվելու և եզրակացություններ անելու՝ Եվրոպայում մեր ժողովրդի դիմագրաված հիմնահարցերի ներկա զարգացումների շուրջ, մասնավորապես՝ Հայ դատին առնչվող զանազան պայքարներին և հայապահպանությանը:

Նպատակները նույնն են, արծարծված խնդիրներն են, որ փոխվում են համագումարից համագումար:

– Ովքե՞ր էին մասնակցում համագումարին և բանախոսների ընտրությունը ինչպե՞ս էր կատարվել:

– Համագումարի երկու օրերի ընթացքում, նախ Բրյուսելի Հայ տանը, այնուհետև Եվրոպական խորհրդարանում, ողջույնի խոսքերով հանդես եկան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա. Հայրապետը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Եվրոպական խորհրդարանի անդամներ Մարիա Սփիրաքին, Ֆրանկ Էնգելը և Էլենի Թեոխարուսը, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

Պատվո հրավիրյալների ելույթներից հետո համագումարի ընթացքում կայացան 5 տարբեր կլոր-սեղաններ՝ բանախոսներ ունենալով հայ և ոչ հայ անձնավորություններ, որոնք փորձառու մասնագետներ են հանդիսանում այն ոլորտներում, որոնց անդրադարձ եղավ, լինեն դրանք քաղաքական, դիվանագիտական, իրավական, պատմական, համայնքային կամ լրատվամիջոցների շրջանակներում:

– Համագումարի երկու օրերն ունեին իրենց ասելիքը: Պայմանականորեն եթե մոտենանք` առաջին օրը առավելաբար մեր ներքին հարցերին, աշխատանքներին էր նվիրված` հայապահպանում, Հայոց ցեղասպանություն, լոբբիստական աշխատանք, 2-րդը՝ արտաքին: Ինչպե՞ս ընթացան քննարկումները երկու օրերին և ի՞նչ հարցեր բարձրաձայնվեցին:

– Համագումարն իր կլոր-սեղանների միջոցավ անդրադարձավ 4 կարևոր թեմաների:

Առաջին` Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջատիրական պայքարը Եվրոպայում, ուր քննարկվեցին այդ պայքարը իրավական դաշտ փոխանցելու գործընթացի հնարավորությունները և փոխհատուցման կարևորությունը Հայոց ցեղասպանության իրավական թղթածրարի համար:

Երկրորդ` Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարցն էր, ինչպես նաև թուրք և ադրբեջանական ազդեցությունը Եվրոպայում: Այս նյութի քննարկման ընթացքում շեշտը դրվեց լրատվամիջոցների և այսօրվա սոցիալական ցանցերի խաղացած վճռական դերի վրա:

Երրորդ նյութն էր` Հայաստան-Եվրոպական միություն երկկողմանի հարաբերությունները, որի ընթացքում Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանը և Եվրոպական միության արտաքին քայլերի ծառայության բաժնի պատասխանատու Ջիովանի Քրեմոնինին անդրադարձան Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Իսկ չորրորդ ընդհանուր թեման հայապահպանության հարցն էր Եվրոպայի հայկական համայնքներում, որի ընթացքում քննարկվեց նաև ինքնության, կրթության, լեզվի և մշակույթի հետ կապված հարցեր:

–  Համաժողովից բխող` Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաջորդ քայլը, անելիքը ո՞րն է լինելու:

– Իբր կազմակերպիչ կողմ և Եվրոպայում Հայ դատի հարցերով զբաղվող գործադիր մարմին՝ մեր գրասենյակի պարտականությունն է հաշվի առնել բոլոր այն առաջարկները, որոնք հնչեցին երկօրյա համագումարի ընթացքում և կարող են իրենց նպաստը բերել առաջիկա ամիսներին, տարիներին տարվող Հայ դատի պահանջատիրական պայքարում:

 Ամենակարևոր ուղերձը, որը համագումարը կարողացավ տարածել՝ ո՞րն էր և ո՞ւմ էր հասցեագրված:

– Նախևառաջ պետք է նշեմ, որ եվրոպահայերը մեկ անգամ ես փաստեցին, որ կարող են համախմբվել և միաձայն կերպով դիրքորոշվել Հայ դատի հիմնական և ծանրակշիռ նյութերի շուրջ, և այս բոլորը եվրամիության հաստատությունների ժողովրդավարության արժեքները խորհրդանշող Եվրոպական խորհրդարանում:

Կուզեմ անդրադառնալ նաև Եվրոպահայերի 4-րդ համագումարին մեծ թվով երիտասարդների մասնակցությանը: Սա նշանակում է, որ մեր դատի գաղափարական պայքարի շունչը տակավին երկար է: Եվ մենք միայն մեր երիտասարդների աշխուժ մասնակցությամբ է, որ պիտի դիմագրավենք Հայ դատի վերանորոգ մարտահրավերներին:

Կցանկանամ նաև խոսել այն կարևոր իրադարձության մասին, որը տեղի ունեցավ համագումարին զուգահեռ: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ հիմնադրվեց Արցախի հետ բարեկամության երկու խում` նախ 11 բելգիացի հոլանդախոս քաղաքական և քաղաքացիական անձնավորությունների հետ ֆլամանդական խորհրդարանում, այնուհետև 16 բելգիացի ֆրանսախոս քաղաքական և քաղաքացիական անձնավորությունների հետ Վալոնիա-Բրյուսել դաշնակցային խորհրդարանում:

Այս կարևոր քայլի համար ուզում եմ շնորհավորել Արցախի իշխանություններին, որոնք պետք է մասնակցեն Արցախի ժողովրդին ադրբեջանական մեկուսացումից դուրս հանելու գործընթացին:

Լուսինե Աբրահամյան