կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-05 15:39
Քաղաքական

ՏԻՄ ընտրությունների 3 առանձնահատկությունները. Արայիկ Հովհաննիսյան

ՏԻՄ ընտրությունների 3 առանձնահատկությունները. Արայիկ Հովհաննիսյան

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, տարածքային կառավարման հանձնաժողովի անդամ Արայիկ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին` համայնքների խոշորացման համատեքստում: Նրա խոսքով` համայնքների խոշորացումը որոշակի առանձնահատկություններ է առաջ բերում: Օրինակ` խոշորացված համայնքներում նորություն են դառնում ՏԻՄ ընտրությունները, որովհետև նախկինում յուրաքանչյուր համայնք իր ղեկավարին էր ընտրում, հիմա մի քանի համայնք պետք է ընտրեն իրենց ղեկավարին: Համայնքների խոշորացման ծրագիրմ անցումային փուլում է, նորություն է, հետևաբար` կան որոշակի առանձնահատկություններ:

Այն, որ ՏԻՄ ընտրություններն առանձնանում են տարբեր քաղաքական ուժերի մեծ ակտիվությամբ, ՀՀԿ-ական պատգամավորը ողջունելի է համարում և կարծում, որ այդ ակտիվությունը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական համապետական ընտրություններով:

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար պատգամավորն առանձնացնում է երեք առանձնահատկություն` առաջիկա համապետական ընտրությունների գործոնը, Գյումրու և Վանաձորի` նոր Սահմանադրությամբ պայմանավորված ընտրությունները և համայնքների խոշորացումը:

Հարցին, թե տարբեր քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունը չի՞ նվազեցնում ՀՀԿ-ի հաղթելու հավանականությունը, Արայիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հանրապետական կուսակցության համար սա հերթական ընտրությունն է: ՀՀԿ-ն միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել ՏԻՄ ընտրություններին, և սա համարում ենք ևս մեկ փուլ»:

Պատգամավորը շեշտեց, որ թեև ՀՀԿ-ն հիմնականում բոլոր տեղերում ունի իր թեկնածությունը, սակայն ընտրություններին թեկնածու առաջադրելն ինքնանպատակ չէ. կան տեղեր, որտեղ ՀՀԿ-ն թեկնածու չունի և սատարելու է այլ թեկնածուների, անկուսակցականների, կարևորը, որ այնպիսի թեկնածու լինի, ով կկարողանա ներկայացնել համայնքի շահերը: Ամեն դեպքում, ըստ ՀՀԿ-ականի, ՏԻՄ ընտրություններում  Հանրապետական կուսակցությունը պահպանելու է իր գերակշռող դիրքերը:

Հարցին, թե վստահո՞ւմ են բազմաթիվ կուսակցություններ փոխած Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետի պաշտոնում, Արայիկ Հովհաննիսյանը պատասխանեց, որ Սամվել Բալասանյանը դաշինքով է հանդես գալիս, և որ ՀՀԿ-ն այդ լուծումն է գտել, քանի որ Սամվել Բալասանյանը վայելում է բնակչության վստահությունը: Իսկ թե ինչո՞ւ է դաշինքի անունը` «Բալասանյան», պատգամավորը կարծիք հայտնեց, որ ուղղակի այդպես է որոշվել, հետաքրքիր տարբերակ էր` ներկայացված ցուցակից ընդգծում է Բալասանյանին` որպես քաղաքապետի հիմնական թեկնածու:

Որպես մարզերում հիմնական խնդիրներ` Արայիկ Հովհաննիսյանը նշեց ֆինանսական համահարթեցման, տարածքների համաչափ զարգացման և նոր ներդրումների, սահմանամերձ համայնքների խնդիրները և այլն: