Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում, որը վերաբերում է ՔԿՀ-ներում հացադուլի հետ կապված հիմքերին: «Բանն այն է, որ անձինք շատ հաճախ են հացադուլ հայտարարում, բայց հարաբերություններն ամբողջովին կարգավորված չեն եղել: Առաջարկում ենք համապարփակ այն կարգավորել` նախատեսելով` ինչ է նշանակում հացադուլ, ինչպես է այն արձանագրվում, ինչ գործողություններ պետք է կատարվեն արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է պահվի հացադուլը, և որ դեպքերում հացադուլ անողին պետք է տրամադրվի բժշկական օգնություն»,- ասաց նա:
Միջազգային ստանդարտները նախատեսում են ուղղակի արգելք հացադուլ իրականացնող անձի նկատմամբ հարկադիր կերակրում կիրառելու հարցում, իսկ արհեստական սնուցումը թույլատրելի է:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Բանտերում առողջապահության էթիկական և կազմակերպական ասպեկտների վերաբերյալ թիվ R(98) 7 հանձնարարականի շրջանակներում անթույլատրելի է համարում հացադուլ իրականացնող անձանց նկատմամբ ցանկացած դաժան վերաբերմունք:
Հանձնարարականի համաձայն՝ բժիշկն ամբողջական տեղեկատվություն է տրամադրում հացադուլ իրականացնող անձին նրա առողջական վիճակի մասին, զգուշացնում սննդից կամ ջրից հրաժարվելու հետևանքով առաջացող առողջական հնարավոր վտանգների մասին: Ընդ որում՝ բժիշկը պետք է համոզվի, որ անձը հստակ գիտակցում է իր կողմից կայացրած որոշման հետևանքները: Եթե հացադուլ իրականացնող անձի մոտ առկա են լեզվական խնդիրներ, ապա նա պետք է օգտվի համապատասխան թարգմանչի օգնությունից: Եթե, բժշկի կարծիքով, անձի վիճակն էականորեն վատթարանում է, ապա բժիշկը այդ մասին պետք է զեկուցի համապատասխան մարմիններին և ձեռնարկի բժշկական անհրաժեշտ միջոցներ՝ ազգային օրենսդրությանը համապատասխան: