Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երկօրյա աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Նախարարության պաշտոնական կայքում «Նախարարը ծանոթացել է սյունեցիների խնդիրներին» վերտառությամբ հրապարակումից պարզվում է, որ բացի ի պաշտոն հանդիպումներից (արդարադատության ոլորտին առնչվող խնդիրներ ունեցող քաղաքացիների ընդունելություն, ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ այց, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին և դատարանի ներկայացուցիչների ընդունելություն), որքան էլ տարօրինակ է, նախարարն այցելել է նաեւ Սյունիքի մարզի առաջնորդարան ու «Հայր Մակարի հետ քննարկել մարզի հոգևոր առանձնահատկությունները»:
«Սրբազանը նախարարին տեղեկացրել է, որ մարզում նախընտրում են նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն վերականգնել չգործող վանքերն ու եկեղեցիները»,-ասված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Այնուհետեւ, «առաջնորդարանում նախարարը պատմել է Գորիսի բժշկական կենտրոնում ապաքինվող փոքրիկ Արսենի մոր նամակի մասին: Նամակը նախարարն ստացել էր մարզ մեկնելուց առաջ, որտեղ ասվում էր, որ փոքրիկ Արսենն ունի հենաշարժական խնդիրներ և մայրը նշել էր, որ երեխան հեծանիվ է ուզում: Սրբազանն առաջարկել է միասին այցելել հիվանդանոց: Երեխաները բարձր տրամադրությամբ են դիմավորել հյուրերին: Հովհաննես Մանուկյանը բոլորին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Սրբազանը օրհնել է փոքրիկներին»:
Արդարադատության նախարարը գնացել է նաեւ Արծվանիկ համայնքի ծերերի «Արծվաբույն» տուն-ինտերնատ: Նախարարության պաշտոնական կայքից պարզվում է, որ «նախարարի այցն աշխուժություն է մտցրել ծերերի առօրյայում, ովքեր հյուրին մաղթել են երկարակեցություն և անփորձանք աշխատանք»:
«Ծերերին հրաժեշտ տալուց հետո», ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրությունում, «Մանուկյանն այցելել է Ղարաբաղյան հակամարտության տարիներին պատերազմական գործողությունների ժամանակ զոհված, Արծվանիկ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Սոս Ղազարյանի տուն:
Ազատամարտիկի մայրը իր մտահոգություններն է հայտնել սահմանի վերջին ժամանակների անհագիստ վիճակից և խնդրել նախարարին «լավ պահել մեր երկիրը»...»:
«Սյունիքի մարզային այցի վերադարձի ճանապարհին նախարարն այցելել է Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց, որտեղ մարզում ճանաչված արվեստագետ, ուսուցիչ Աշոտ Ավագյանի հետ ճաշել է և զրուցել մարզի արվեստասեր հասարակության նախասիրություններից և առանձնահատկություններից: Աշոտ Ավագյանը ներկայացրել է իր սաների աշխատանքները՝ ափսոսելով, որ որոշակի տարիքի հասնելով երեխաները կամ դադարում են հաճախել արվեստանոց, կամ մեկնում են և չեն վերադառնում: Արվեստագետ-ուսուցչին նախարարը մաղթել է արժանի սերնդափոխություն»:
Այն, որ Արդարադատության նախարարն այսքան մարդասեր է, իսկ Սրբազանի հետ էլ «մարզի հոգևոր առանձնահատկություններն է քննարկում», գուցե վատ չա, բայց մի բան արժե հիշել եւ փաստել՝ երկրի խնդիրները սկսվում են այնտեղից, երբ բոլորը սկսում են զբաղվել ամեն ինչով, մոռանալով, որ հստակ գործ եւ պաշտոն ունեն: