Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1983թ. սկսած` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: 2014-ին ԻԿՕՄՕՍ-ն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի (մեմորիալ) հուշարձաններին` մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին:
ՀՀ մշակույթի նախարարությունը հանձն է առել Լոռու մարզում գտնվող Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու, Քոբայրավանքի և Լոռի բերդի վերականգնման աշխատանքները: Հուշակոթողների վերականգումը կյանքի է կոչվում տարբեր ձևաչափերով:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց, որ, օրինակ, Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով:
«Սա այն դեպքերից է, երբ համագործակցում են մասնավոր հատված-պետություն սեկտորները: Եկեղեցու նախագծման և գիտահետազոտական աշխատանքները սկսվել են դեռ 2010-ին, մինչ այսօր 6 գիտամեթոդական նիստ է արվել: Մնացել է ավարտին հասցնել ճակատային շարերը, հյուսիսային սրահի կամարաշարը, որմնակամարները, որմնասյուները, ներսում` ավանդատների ծածկերի ամրակայման աշխատանքները»,- ասաց փոխնախարարը:
Իսկ Քոբայրավանքի վերականգնումն իրականացվում է հայ-իտալական համագործակցության շնորհիվ` ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվող Քոբայրավանքի վերականգնման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են նաև իտալացի մասնագետներ: Սամուելյանը տեղեկացրեց, որ Քոբայրում պետական միջոցներով վերականգնման աշխատանքներ են իրականացվում դեռեւս 2006-ից, իսկ 2009-ից նաև կրթական ծրագրեր են կյանքի կոչվել: Որմնանկարների վերականգնման հայ-իտալական համագործակցությունը սկսվել է 2011-ից: Ի դեպ, արդեն ամբողջական տեսքի է բերվել վանքի զանգակատունը:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ Լոռի բերդի պահպանության և ուսումնասիրման նպատակով 2010-ին ստեղծվել է «Լոռի բերդ» քաղաքատեղի» արգելոց-թանգարանը, ինչը հնարավորինս անաղարտ է պահպանում հուշարձանախումբը և ապահովում դրա նպատակային օգտագործումը: «Ուրախալին այն է, որ արգելոցի ստեղծմանն իր օժանդակությունն է ցուցաբերել նաև Լոռի բերդի համայնքը: Այս տարիներին կատարվել են հուշարձանի պեղման, ամրակայման և վերականգնման աշխատանքներ, 2014-ին. շարունակվում են հուշարձանի պեղման և վերականգնման աշխատանքները»,- հայտնեց նա: