կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-12 11:24
Քաղաքական

Կձևավորվեն համայնքային սպասարկման բազմաֆունկցիոնալ կենտրոններ

Կձևավորվեն համայնքային սպասարկման բազմաֆունկցիոնալ կենտրոններ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց  համայնքային սպասարկման բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման վերաբերյալ: Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն: Հետագայում դրանք, վարչապետի խոսքով, փոխանցվելու են համայնքներին:

«Միաժամանակ մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում  համայնքային սպասարկման բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման ուղղությամբ: Ելնելով վերոնշյալից ու կարևորելով ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը` հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, պետական գույքի կառավարման պետին` 10- օրյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին և համայնքային սպասարկման բազմաֆունկցիոնալ կենտրոններին նույն հարթակում կազմակերպելու նպատակով միասնական կենտրոնների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Հստակ անդրադառնալ համապատասխան տարածքները աշխատանքի և սոցիալական նախարարությանը հատկացնելու հարցին»,- ասաց վարչապետը:

Նա հստակեցրեց, թե ինչի մասին է խոսքը: Կար ծրագիր, որ պետք է ստեղծվեն սոցիալական ապահովության կենտրոններ, որպեսզի բնակչությանը մատուցվեն որակյալ ծառայություններ, նախատեսվել էին վարկային միջոցներ, որ կառուցվեն անհրաժեշտ շենքերը: Համայնքների խոշորացումից հետո պարզ դարձավ, որ կան միջոցներ, որոնք կարելի է օգտագործել` փոխարենը խնայելով որոշ ֆինանսական միջոցներ: Տնտեսված միջոցներն ուղղվելու են տեխնիկական հագեցվածության հարցերը լուծելուն: