Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր Դանիել Ղազարյանը պատասխանում է «Իրավունք» թերթի հարցերին:
«ԻՆՁ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ Ե՛Վ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, Ե՛Վ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ»
– Տիկին Ղազարյան, կմանրամասնե՞ք, թե ինչով էր պայմանավորված այս անգամ Ձեր այցը Հայաստան:
– Անցյալ շաբաթ եմ եկել Երեւան եւ երեկ էլ ՀՀ քաղաքացի դարձա: Այնպես որ, իմ այցը մասնավոր բնույթ ուներ` քաղաքացիություն ձեռք բերելու համար: Սակայն, մասնավորը դարձավ գործնական այց, եւ մեծ պատիվ էր, որ ինձ ընդունեցին ՀՀ Ազգային ժողովում:
– Հետաքրքիր է` ինչի՞ շուրջ է ծավալվել քննարկումը հայաստանյան գործընկերների հետ:
– Հանդիպումը կայացավ ավելի շատ մասնավոր շրջանակներում, բայց, իհարկե, քննարկվեցին շատ տարբեր թեմաներ, որոնք վերաբերում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կապերին, դրա ամրապնդմանը: Իհարկե, մշակութային կապերը Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ միշտ առկա են եղել, ինչի համար ինքս անձնապես շատ ուրախ եմ: Ի դեպ, 2018 թվականի աշնանն այստեղ` Երեւանում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ասեմ նաեւ, որ Ֆրանսիայի խորհրդարանում երեք ծագումով հայ պատգամավոր կա` ես, Գիյոմ Կասբարյանը եւ Ժակ Մարիլոսյանը: Մենք հունիս ամսին ենք ընտրվել` որպես խորհրդարանական եւ մաս ենք կազմում Ֆրանսիայի հանրապետության նախագահի «Առաջ հանրապետություն» կուսակցության: Ուստի` ՀՀ քաղաքացիություն ստանալով` երեկվանից սկսած ինձ համարում եմ ե՛ւ ֆրանսիական, ե՛ւ հայկական պատգամավոր, որը Ֆրանսիայում ներկայացնում է նաեւ Հայաստանը:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԻՎ` ԸՆՏՐՎԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
– Իսկ ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն:
– Իմ քաղաքական ներգրավվածությունը կարելի է ասել եղավ նախագահ Մակրոնի շնորհիվ, որովհետեւ ինձ մոտ այդքան էլ ծրագրավորված չէր իմ կյանքի ընթացքում քաղաքականությամբ զբաղվել: Բայց մեր նախագահը տվեց այդ հնարավորություններն այն մարդկանց, ովքեր քաղաքացիական հասարակությունն են ներկայացնում, ինչպիսին ես եմ, որպեսզի սկսեն զբաղվել քաղաքականությամբ ու աշխատեն ի նպաստ Ֆրանսիայի: Սա մի գործառույթ է, որը 52 տարեկանում ինձնից մեծ պարտավորություններ է ենթադրում, բայց ես կարողացա հաղթահարել եւ ընտրվել:
– Անդրադառնանք նաեւ Ֆրանսիայում հայ համայնքի խնդիրներին…
– Հայկական համայնքը շատ ուժեղ կառուցվածք ունի եւ շատ լավ վիճակում է գտնվում: Հայկական թերթ ունենք, դպրոց ունենք, եկեղեցիներ ունենք, ուզում եմ անպայման նշել, որ Ֆրանսիայում 2013 թվականին «Հայկական հիշողության» կենտրոնն է բացվել, որի նախագահն եմ եղել: Այն շատ կարեւոր է մեզ համար, մանավանդ` նոր սերունդների համար: Այդ կենտրոնում շատ աշխատանքներ ենք իրականացնում եւ մեր նպատակն է լինել բաց ոչ միայն դեպի հայերը, դեպի հայկական համայնքը, այլեւ շատ տարբեր աշխատանքներ կատարել` դպրոցականներին, համալսարանականներին ներկայացնելով հայկական ինքնությունը, եւ իհարկե, պատմությունը: Այնպես որ, Ֆրանսիայում հայկական համայնքը դինամիկ կերպով զարգանում է, հատկապես այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսին են Լիոնը, Մարսելը եւ Փարիզը:
«ՆՊԱՏԱԿՆ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆԻՑ ԶԱՏ, ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ»
– Ինչպե՞ս կգնահատեք հայ-ֆրանսիական հարաբերությունները թե՛ միջխորհրդարանական մակարդակում, թե՛ ընդհանրապես:
– Մեր նախորդ նախագահի` Ֆրանսուա Օլանդի օրոք գոյություն ուներ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամական խումբ, որը բավականին ակտիվ էր խորհրդարանում: Այդ խմբում ներառված էր մոտավորապես 60 պատգամավոր շատ տարբեր խմբակցություններից եւ կուսակցություններից: Բայց քանի որ ընտրություններից հետո Ֆրանսիայում ամբողջովին վերափոխվեց եւ ձեւափոխվեց քաղաքական կարգը, հիմա շատ խորհրդարանականներ այլեւս իրենց տեղերը չեն զբաղեցնում Ազգային ժողովում: Այժմ խնդիր է առաջացել ձեւավորել նոր բարեկամական խումբ, որի նախագահ վերջերս ընտրվել է Ֆրանսիայում հայազգի պատգամավոր Ժակ Մարիլոսյանը: Մեր առաջիկա աշխատանքը պետք է լինի այն, որ վերականգնենք, վերստեղծենք ու ձեւավորենք այդ բարեկամական խումբը, որը կընդգրկի էլ ավելի շատ ներկայացուցիչներ: Այդ խմբի հետ կապված գրանցումները ընդամենը մի քանի շաբաթ առաջ են սկսվել, եւ այս ժամանակի ընթացքում հուսով եմ, որ այն կամբողջացվի:
– Առհասարակ, հայ-ֆրանսիական հարաբերություններում ի՞նչ ուղղությամբ եք տեսնում հնարավոր զարգացում:
– Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերը միշտ էլ գոյություն են ունեցել եւ շատ ուժեղ են եղել, բայց մեր նպատակն է մշակութայինից զատ, զարգացնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը: Անկախ Հայաստանի Հանրապետությունը շատ երիտասարդ է, ընդամենը 26 տարեկան, բայց ամեն անգամ, երբ այցելում եմ Երեւան, տեսնում եմ այդ փոփոխությունները, առաջընթացը եւ հուսով եմ, որ հնարավոր կլինի էլ ավելի ուժեղացնել տնտեսական կապերը: Չէ՞ որ Հայաստանը կարիք ունի տնտեսական զարգացման, ինչը թույլ կտա հայ երիտասարդներին մնալ իրենց երկրում: Գիտեմ, որ սա նաեւ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի մտահոգություններից մեկն է, որպեսզի տնտեսական զարգացումը նպաստի նրան, որ հայ երիտասարդները կարողանան իրենց տեղը գտնել հայրենիքում:
«ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԳՏՆՎԻ»
– Ֆրանսիայի խորհրդարանի ազգությամբ հայ երեք պատգամավորների օրակարգում հայ-ֆրանսիական հարաբերությունների հետ կապված ի՞նչ օրակարգային հարցեր կան, որոնք կփորձեք բարձրացնել խորհրդարանում:
– Ինչպես նշեցի, գլխավորը լինելու է ավելի զարգացնել գոյություն ունեցող մշակութային, տնտեսական, քաղաքական կապերը մեր երկու երկրների միջեւ: Ինչպես նաեւ կա մի հարց, որն ինձ համար անձնապես շատ կարեւոր է` Արցախի հարցը: Ինչպես գիտեք, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է` Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ միասին: Եվ կարծում եմ` մոտ ապագայում ԼՂ հակամարտության լուծումը կգտնվի, որը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք Ֆրանսիայում շատ ուշադիր հետեւեցինք այն բախումներին, որոնք տեղի ունեցան անցյալ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ: Եվ պետք է ասեմ, որ Արցախի համար ամենակարեւորը խաղաղությունն է, ուստի` հուսանք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ինչպես նախորդ նախագահը, իր ջանքերը կշարունակի` խնդրի խաղաղ կարգավորման համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ