կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 12:30
Տնտեսական

20 էլեկտրոնային համակարգ՝ մեկ հարթակում

20 էլեկտրոնային համակարգ՝ մեկ հարթակում

Պետական եկամուտների կոմիտեն, տեխնոլոգիական զարգացման ժամանակակից միտումներին համահունչ, շարունակում է քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար հարմարավետ, թափանցիկ և մատչելի ծառայություններ մատուցել: Դեռ 2013թ.-ից «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ՊԵԿ-ը մշակել և ներդրել է մաքսային գործառնություններն ու ընթացակարգերն ավտոմատացնող էլեկտրոնային համակարգեր: «Պետական կառավարման ոլորտում «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի ընթացակարգերը դյուրացնող առավել արդյունավետ գործիքներից է, որը տարածված է զարգացած երկրներում»,-տեղեկացրել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը: Ըստ նրա՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողն այսուհետ կարող է միայն մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել որևէ պետական մարմնի, քանի որ այս հարթակն էլեկտրոնային փոխգործակցություն է ապահովում պետական մարմինների միջև. «Արդյունքում արտահանում և ներմուծում իրականացնողները կարողանում են կենտրոնանալ բիզնեսի կազմակերպման վրա՝ հավաստագրերի, թույլտվությունների, տարբեր փաստաթղթերի ստացման վրա ժամանակ և ֆիանսական ռեսուրսներ ծախսելու փոխարեն»:

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում արդեն 20 համակարգ է ներդրված: Մի մասն ուղղված է մաքսային մարմնի և գործարարների էլեկտրոնային փոխգործակցությանը: Այդպիսին են ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի, ապրանքների դասակարգման նախնական որոշման, փոստային առաքանիների հաշվառման համակարգերը: Մյուս մասը վերաբերում է արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող մաքսային մարմինների, այլ գերատեսչությունների և գործարարների կողմից շահագործվող թույլատրող փաստաթղթերի էլեկտրոնային տրամադրմանը, օրինակ՝ առողջապահության նախարարության հավաստագիրը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հավաստագիրը, ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրերի տրամադրման համակարգը: «Միասնական հարթակի գործարկման արդյունքի գնահատումը ցույց է տալիս, որ էլեկտրոնային արդիական համակարգերի ներդրման շնորհիվ բարելավվում է տրամադրվող տեղեկատվության և ծառայությունների որակը, ստեղծվում արտաքին տնտեսական գործունության իրականացման բարենպաստ միջավայր, ապահովվում բարձր արդյունավետություն և ծախսերի կրճատում»,-նշել է Միքայել Փաշայանը՝ հավելելով, որ պարզեցվել և արագացվել է նաև սահմանային անցումային կետերով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացը: Կոմիտեի ՏՏ վարչության պետն ընդգծել է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակը բարձր գնահատականների է արժանացել միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերի և հետազոտությունների արդյունքում. «Գրանցված ձեռքբերումները նպաստում են նոր գաղափարների իրագործմանը՝ միտված քաղաքացիների և պետական կառավարման մարմնի միջև առավել արդյունավետ, գործընկերային և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»:

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակի ներդրումն իրականացվում է փուլային եղանակով: Առաջին փուլում ապահովվում է պետական գերատեսչությունների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումը, երկրորդ փուլում՝ պետական մարմնի և առևտրային կազմակերպությունների՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, փոխադրող կազմակերպությունների միջև համագործակցությունը: Երրորդ փուլում երկու երկրների միջև նախնական տեղեկատվության փոխանակման շնորհիվ կազմակերպվելու է սահմանահատման սահուն գործընթաց՝ ռիսկերի կառավարման համակարգի օգնությամբ իրականացնելով անտեսանելի հսկողություն:

Պետական եկամուտների կոմիտե