|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվել են պատվավոր կոչումներ:
Սեպտեմբերի 29-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպված միջոցառման ընթացքում մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և ազատամարտիկների պետական բարձր պարգևները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Ամեն անգամ անկախության հերթական տարեդարձի առթիվ միմյանց շնորհավորելուց և տոնական համազգեստ հագնելուց առաջ յուրաքանչյուրս պետք է մտովի մեր խղճի առջև հանրագումարի բերենք Հայաստանի Հանրապետության պատմության ևս մեկ տարվա ընթացքում բանակի հզորացման համար մեր արածն ու չարածը, վերլուծենք և հասկանանք, թե անկախության ևս մեկ տարին որակական ինչպիսի նոր հատկանիշներ գումարեց մեր բանակին, և եթե այս կամ այն հարցում չթերանայինք, այլ առավել ստեղծագործաբար և եռանդով աշխատեինք, ուրիշ ինչ կարող էինք անել զինված ուժերի համար։ Եվ այդ ամենից պիտի անհրաժեշտ հետևություններ կատարենք: Կարծում եմ, դա է բոլորիս ճանապարհը, և հենց այս գիտակցությամբ և նշանաբանով պիտի սկսվի բանակի յուրաքանչյուր օրը»: