կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 22:51
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ

Բանակի օրվա առթիվ, Հանրապետության նախագահի հրամանագրերով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինվորներ, սպաներ, գեներալներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով:

Հանրապետության նախագահի հրամանագրերով մի խումբ բարձրաստիճան զինվորականների շնորհվել են նոր զինվորական կոչումներ:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանձնելով պետական բարձր պարգևները, շնորհավորելով և իր բարեմաղթանքները հղելով Բանակի օրվա առթիվ՝ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու համար, իրենց կյանքը տվեցին դարեր առաջ, հարյուր տարի առաջ, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում:

Նշելով, որ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» ստեղծելու մասին որոշում, նախագահն ասել է, որ ազգային բանակը, ինչպես մեր անկախ պետականությունը, եղել է մեր երազանքը հարյուրավոր տարիներ: «Ինչ -որ իմաստով գուցե նաև ոչ միայն երազել ենք, այլև պատրաստվել ենք այս օրվան, երբ ունենք հզոր բանակ»,-ասել է նախագահ Սարգսյանը, որպես այդ պատմական ընթացքի փայլուն օրինակներ նշելով Առաջին հանրապետության օրերը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում և Հայրենական մեծ պատերազմում. ֆաշիզմի դեմ տարած այդ հաղթանակում չափազանց մեծ է հայ ժողովրդի ներդրումը, ի դեմս պատերազմին մասնակցած շուրջ 600 հազար զինվորների, որոնցից 300 հազարը չեն վերադարձել տուն, ի դեմս Խորհրդային Միության հայ հերոսների, գեներալների ու մարշալների:

«Մենք տարել ենք հաղթանակներ և ստեղծել հայոց բանակը, որը հաղթանակած բանակ է, տարածաշրջանի հզոր բանակը,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ, ասելով հզոր բանակ՝ հասկանում ենք հզոր պետություն»: