Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հուլիսի 8-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրումը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 84 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի թիվը 3500 է, ինչը կրկնակի գերազանցում է այս տարվա մայիսի ցուցանիշը:
Մարզպետը զեկուցել է նաև, որ արդեն իսկ ավարտական փուլում են իրավաբանական անձանց համար ըստ գործունեության ոլորտների մաքրման աշխատանքների պահանջների և սակագների վերաբերյալ համապատասխան իրավական ակտերը:
Նշվել է, որ առողջապահության ոլորտում 2017 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 215 մլն դրամ: Մարզպետը վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում նշված գումարի ծավալի ավելացման և առկա թերությունների վերացման, ինչպես նաև բժշկական հաստատություններում մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:
Մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընդգծելով, մասնավորապես, որ մարզում արդեն իսկ առկա է 100 ներդրումային ծրագիր՝ 47 մլրդ դրամ արժեքով, որոնց իրականացման արդյունքում անկալվում է ստեղծել շուրջ 2500 նոր աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ այդ ծրագրերը կառավարության կողմից հայտարարված ներդրումային ծրագրերում դեռևս ներառված չեն:
Այս փուլում կատարված ներդրումների վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ մարզպետը զեկուցել է, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ կատարվել է շուրջ 30 մլրդ դրամի ներդում և ստեղծվել է 1400 նոր աշխատատեղ:
Ընդ որում՝ 16.9 մլրդ դրամ ներդրվել է արդյունաբերության, 8.6 մլրդ դրամ՝ գյուղատնտեսության, 2 մլրդ դրամ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Մարզպետը նշել է, որ այս փուլում ևս քննարկվում են նոր ներդրումային ծրագրեր, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կներկայացվի հաջորդ քննարկման ընթացքում: Քննարկվել են նաև մարզում զբոսաշրջության ոլորտում այս ժամանակահատվածում գրանցված 18 տոկոս աճի և Ծաղկաձորում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ ծրագրերին վերաբերող հարցեր:
Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ ծավալներով ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ են իրականացվում: Ջերմոցների տարածքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 20 հա-ով և կազմել 81 հա: Առկա են 912 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հա-ն հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով (հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն): Ընդգծվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով այգիներից 26 հա-ն հիմնվել է 2016 թվականին, իսկ 200 հա-ն՝ 2017 թվականին:
Միաժամանակ վարչապետը մարզպետից հետաքրքրվել է կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի մասին: Մարզպետը զեկուցել է, որ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Զառ, Պռոշյան, Զորավան, Արզական, Սոլակ, Հրազդան համայնքների շահառուների կողմից ձեռք է բերվել 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 11 միավոր գյուղգործիք: Ըստ նրա՝ սա ամենաբարձր ցուցանիշն է հանրապետությունում:
Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 300 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի ընդլայնմանը և նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն:
Մարզպետը տեղեկացրել է, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, ինչը, այս փուլում արձանագրված արդյունքներով, կատարվել է 103.9 տոկոսով և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 373 միլիոն դրամով: