կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-25 13:29
Տնտեսական

Մինչև տարեվերջ ՀՀ արտաքին պարտքը կկազմի 5,4 մլրդ դոլար

Մինչև տարեվերջ ՀՀ արտաքին պարտքը կկազմի 5,4 մլրդ դոլար

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրեց նախարարության մեկ տարվա հաշվետվությունը: Նա նախ նշեց, որ 2014-2015թթ. եղել է ճգնաժամային իրավիճակ, և պարտքի ցուցանիշը բարձրացել է 13 տոկոսային կետով, ապա ավելացրեց, որ միջազգային հեղինակավոր ռեյտինգավորող կառույցները չեն փոխել իրենց դիրքորոշումը, այդ թվում` նաև Արժույթի միջազգային հիմնադրամը:

«Իրականում, եթե պարտքը երկու տարվա մեջ շարունակի իր վարքագիծը, բնականաբար և՛ միջազգային կառույցների, և՛ օտարերկրյա ներդրողների կողմից արձագանքները կլինեն բացասական։ Բայց լավ տենդենցներ ունենք. գնահատվել է, որ 2018-20թթ.. հարկաբյուջետային քաղաքականությունը խելամիտ է և կայուն»,- ասաց նախարարը:

Արամյանը դրական ցուցիչ համարեց նաև 2018-2020թթ..  հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ միջազգային ներդրողների արձագանքը: Նա հայտնեց, որ եռամսյակը մեկ ներդրողների հետ աշխատանք են տանում, քաղաքականության ուղղությունների մասին տեղեկատվություն տալիս, և այստեղ էլ միջնաժամկետ ծրագրից հետո ազդակները դրական են:

Ներքին պարտքի շուկային անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ առաջին անգամ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսեր են թողարկվել՝ առանց տոկոսադրույքների բարձրացման, և սա կարևոր գործիք է ֆինանսական շուկայում կայունություն ապահովելու համար: Վարդան Արամյանը հավելեց, որ դա պարտքի կառավարման ոլորտում էական ձեռքբերում է, քանի որ հնարավորություն է տալիս, որ տոկոսադրույքներն էապես նվազեն:

«ԿԲ-ի հետ համատեղ ծրագիր ենք իրականացրել, և տոկոսադրույքների նվազման ապահովման ու առաջնային տեղաբաշխումները տեղափոխվել են բորսա»,- ասաց նա:

Հարկային քաղաքականությանն անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ այսօր ունեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր շուրջ 46 երկրների հետ, և միասնական ձևով սահմանվում են ընդհանուր գործիքներ: Նախարարն ընդգծեց, որ կրկնակի հարկման հետ կապված նոր համաձայնագրեր կստորագրվեն։

Հարցին` մինչև տարեվերջ մեր արտաքին և ներքին պարտքը որքա՞ն կկազմեն, նախարարն արձագանքեց. «Արտաքին պարտքը կկազմի 5,4 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը` 1 մլրդ 269 մլն դոլար»: