կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 11:19
Իրավական

Պրոֆեսորի մահվան գործով մեղադրյալն անմեղսունակ է ճանաչվել. հոգեկան հիվանդությամբ է տառապում

Պրոֆեսորի մահվան գործով մեղադրյալն անմեղսունակ է ճանաչվել. հոգեկան հիվանդությամբ է տառապում

Հայտնի է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով մեղադրյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացությունը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Համաձայն ստացված եզրակացության՝ հոգեբանի մահվան գործով մեղադրյալ Հ. Համբարձումյանը տառապում է շիզոֆրենիա, պարանոիդ ձև ցնորազառանցական համախտանիշ հոգեկան հիվանդությամբ: Հիշյալ եզրակացությունը ստացվել է սեպտեմբերի 1-ին, ինչից հետո քննիչը որոշում է կայացրել դիմել դատարան՝ գործով մեղադրյալի նկատմամբ բժշկական հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` Համբարձումյանը ճանաչվել է անմեղսունակ եւ ուղարկվել հարկադիր բուժման։

Հիշեցնենք, որ 1983թ. ծնված Հ.Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ ծնված 1947թ.:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու` 1983թ. ծնված Հ. Համբարձումյանը: