Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թվականի ընթացքում իրականացվելիք վերականգնողական աշխատանքների մեկնարկից առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երեկ հանդիպեց պատմամշակութային հուշարձանների մրցույթներում շահած կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերության պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նա իր մտահոգությունը հայտնեց, որ վերականգնողական աշխատանքներն առայժմ չեն սկսվել: «Դա շատ վատ է, օգոստոսն ավարտվում է, աշխատանքների համար առջևում մնում են միայն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները, հավանաբար նաև՝ նոյեմբերի առաջին մի քանի օրերը: Ես արդեն կասկածում եմ, որ այդ ժամանակահատվածում դուք կհասցնեք իրականացնել աշխատանքի նախատեսված ծավալը»,-ասել է նախարարը:
Ներկաներին նախարարը նաև տեղեկացրել է, որ աշխատանքը սկսելուց հետո առնվազն երկու անգամ մինչև սեզոնի ավարտը լրագրողների, տեխնիկական վերահսկողների ուղեկցությամբ, անկախ հանձնախմբով այցելելու են շինարարության կետեր: «Դուք պարտավոր եք տեղում հաշվետվություն տալ լրագրողների ներկայությամբ, համապատասխան նյութերով՝ լուսանկարներով, տեսանյութերով ցույց տալ, թե ինչ աշխատանք է այնտեղ կատարվել: Անցյալ տարվա նախագծերում մենք արձանագրել ենք շինարարների անբարեխիղճ աշխատանքի բազմաթիվ դեպքեր: Համոզված եղեք՝ անբարեխիղճ աշխատանքի հանդեպ կցուցաբերվի համարժեք վերաբերմունք, շինարարի համարժեք պատասխանատվությամբ: Վստահեցնում եմ՝ անձամբ հետևելու եմ իրականացրած աշխատանքի որակին: Եթե այն չհամապատասխանի ակնկալվածին, ուրեմն մենք կխոսենք այլ՝ իրավական լեզվով: Ես խնդրում եմ՝ չափազանց նրբորեն և սրբորեն վերաբերեք այս ամենին, որովհետև խոսքը մեր պատմամշակութային ժառանգության մասին է»,-ասել է Ամիրյանը:
Նա նաև նշել է, որ այդ ժառանգության հետ այլ կերպ վարվելու իրավունք, քան մեր ծնողի հետ, պարզապես չունենք.«Եթե այսպիսին չի լինելու վերաբերմունքը՝ հենց հիմա ասեք՝ հրաժարվում ենք»: