կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 11:45
Հասարակություն

Տուժած գյուղացիներին Արմավիրի օրինակով օգնություն կցուցաբերվի. Տիգրան Սարգսյան

Տուժած գյուղացիներին Արմավիրի օրինակով օգնություն կցուցաբերվի. Տիգրան Սարգսյան

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ վերջին օրերին եղանակի կտրուկ վատթարացման պատճառով գյուղատնտեսությանը հասցված լուրջ վնասներին: Վարչապետը նշեց, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ վերջին օրերին կայացել են խորհրդակցություններ, գյուղացիներին հասցված վնասի չափը կճշտվի առաջիկա օրերի ընթացքում, սակայն, ըստ նրա, արդեն իսկ պարզ է, որ շուրջ 11500 հեկտար տարածք վնաս է կրել:

 

«Այսօր մարզպետներն ու գյուղանախարարն  ուսումնասիրում են կոնկրետ տնտեսությունների կրած վնասները, որպեսզի օգնությունը լինի առարկայական»,- նշեց վարչապետը և հավելեց, որ կառավարությունն աջակցություն կցուցաբերի,  որ տուժած գյուղացիները ստանան սերմեր, պարարտանյութեր և անհրաժեշտ այլ միջոցներ,  որպեսզի համապատասխան աշխատանքներ կատարեն և այս տարին նրանց համար կորուստով չլինի:

 

Տիգրան Սարգսյան ասաց, որ ԿԲ-ին հանձնարարվել է ուսումնասիրել ֆինանսական խնդիրները:

 

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշեց, որ  տեղերում հարցումների հիման վրա կատարվում են ուսումնասիրություններ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում բանկերի և վարկային ընկերությունների հետ` կարգավորելու համար գյուղացիների վարկային և ֆինանսական խնդիրները:  Ըստ նրա` ընդհանուր առմամբ, խոսքը 6 մլրդ դրամ վարկային ներդրումների մասին է:

 

Վարչապետը հանձնարարեց, որ, ինչպես անցյալ տարի Արմավիրի մարզում կիրառվեցին բանկային և վարկային գործիքներ, հետաձգումներ և այլն, այնպես էլ այս տարի եղանակային պայմաններից տուժած բնակավայրերում նույնը կիրառվի:

 

Նա նշեց, որ երկու օրվա ընթացքում, երբ ամփոփվի վնասի չափը, արդեն հստակ պատկերացում կկազմվի ստեղծված իրավիճակի մասին,  և կառավորությունը կկարողանա կոնկրետ և հասցեական օգնություն տրամադրել: