Օգոստոսի 28-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր մշտական համանախագահ կդառնա Էնդրյու Շեֆերը։ Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը` տեղեկանում ենք amerikayidzayn.com կայքից:
Հոգլանդը նշել է, որ օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ:
«Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում: Կարծում եմ` պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են ԱՄՆ փայլուն համանախագահ»,- ասել է նա` Շեֆերի մասին` հավելելով, որ նոր համանախագահն այժմ տիրապետում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները: