Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ լարված մթնոլորտ է ստեղծվել «Ռենկո» իտալական ընկերության երևանյան մասնաճյուղում: Իրավիճակը պայմանավորված է անվտանգության ծառայության պետի փոփոխությամբ: Ընկերությունում անվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել Նորայր Կարապետյանը:
Ընկերության անվտանգության աշխատակիցները Yerkir.am-ին հայտնեցին, որ անվտանգության նոր պետն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ ընկերության անվտանգությունն 9 տարի ապահովող աշխատակիցներից 8-ը ստիպված աշխատանքից ազատման դիմում են գրել:
«Անվտանգության նոր պետ են ընդունել, սա էլ նախկին` թոշակի անցած ոստիկանների է բերել իրեն տեղակալ: Մուննաթով են խոսում, կոպիտ են հետներս, էնպես էր, որ չէր լինի իրենց հետ աշխատել»,- պատմեց դիմում գրած աշխատակիցներից մեկը:
Նրա խոսքով` իրենց ժողովի են կանչել ու հայտնել, որ սրանից հետո ուրիշ ձևով է ամեն բան լինելու: «Մի օր էլ կանչեցին ժողովի և ասացին` պայմանները փոխվել են, աշխատավարձերն իջեցնում ենք, սրանից հետո ուրիշ ձև է լինելու: 8 հոգով ասացինք՝ այդ պայմանները մեզ ձեռնտու չեն: Հենց նույն պահին ազատման դիմումի 8 ձևաթուղթ տվեց, որպեսզի ստորագրենք: Երբ ասացինք` չենք ստորագրի, ասաց` եթե դիմում չգրեք ու չստորագրեք, մենք ձեզ համար վատ բնութագիր կգրենք: Մտածեցինք` բանը դրան չհասնի, ավելի լավ է ստորագրենք»,- պատմեց մեր զրուցակիցը, ապա հավելեց. «Ես կարող եմ վերականգնել իմ աշխատանքը, բայց դրանց հետ չի լինի աշխատել, միտումնավոր այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ 8 հոգի` 9 տարվա աշխատողներ, դուրս գան աշխատանքից»:
Ի դեպ, այս պահին ընկերության իտալացի ղեկավար Քրիստիան Կուկուռակին արձակուրդում է: Աշխատակիցները չեն բացառում, որ իտալացի ղեկավարի` արձակուրդ գնալու փաստից էլ է օգտվել անվտանգության նոր պետը:
Yerkir.am-ի հետ զրույցում էլ անվտանգության ծառայության նորանշանակ պետ Նորայր Կարապետյանը նշեց, որ իրենք ոչ ոքի աշխատանքից չեն ազատել, և որ այդ աշխատակիցներն ինքնակամ են լքել աշխատանքը: «Ասել ենք` ամսի 1-ից ուրիշ ձև ենք աշխատելու` ավելի խիստ ձևով, ավելի ուշադիր պիտի աշխատենք: Մարդիկ չեն ուզել աշխատել»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը` աշխատողները նշել են, որ ժողովի ժամանակ Դուք ասել եք` վատ բնութագրեր կտանք չստորագրելու դեպքում, Կարապետյանն արձագանքեց. «Եթե պոստերը թողնում, գնում են գիշերվա կեսին, երբ ինչ ասես կարելի է թալանել, ամեն ինչ կարելի է անել, ո՞նց է դա կոչվում, դա սաբոտաժ է կոչվում»:
Հարցին` 9 տարվա աշխատողները ինչո՞ւ պետք է ցանկանան աշխատանքից դուրս գալ, պատասխանեց. «Փոքր երեխա չեն, իրենց ձեռքով գրել են: Որ գնում են, վազեմ հետևների՞ց: Ասել են` հին պայմանները լինեն, նոր կաշխատենք, դա ի՞նչ է նշանակում` ինձ ուլտիմատում են դնո՞ւմ»,- վրդովվեց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է աշխատավարձերի կրճատմանը, ապա, նրա խոսքով` 2 հոգու աշխատավարձ են կրճատել 10 հազար դրամով, քանի որ իրենց հերթափոխի պետի հաստիք պետք չէ:
Կարապետյանը նաև հավաստիացրեց որ իտալացի տնօրենն այս ամենից տեղյակ է, և որ ինքը առանց տեղյակ պահելու ոչինչ չի անում: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ աշխատողներն են իրենց կամքով դիմում գրել:
«Ես ասել եմ` ամսի 1-ից նոր օրենքներ են լինելու, ուրիշ ձև ենք աշխատելու: Պետք չէ բուդկայի մեջ նստել ու հեռախոսով բլոտ խաղալ: Եթե եկել են աշխատանքի, թող բարի լինեն իրենց ծառայությունը նորմալ անցկացնել, եթե չեն ուզում աշխատել, սովոր են նստել սենյակում, կարտ խաղալ, սենյակից դուրս չգալ, ինձ ձեռք չի տալիս, ծառայությունը ծառայություն է` 12 ժամ: Ես ժամանակ եմ տվել մինչև մյուս ամսվա 1-ը, ասել եմ` այսպես պետք է աշխատենք, իսկ իրենց պատասխանն է եղել` դե մնա, մենակ աշխատի, գիշերն էլ մենակ պոստերը պահի»,- ասաց Կարապետյանը:
Բայց այնուամենայնիվ, երկու ամիս ընկերության անվտանգության պետ նշանակված Կարապետյանը հավաստիացրեց` իր պայմաններն ընդունելու դեպքում հետ կվերցնի «կարտ խաղացող», ծառայությունը վատ իրականացնող` ընկերության 9 տարվա աշխատակիցներին: Նա վերջում ավելացրեց, որ այդ աշխատակիցների փոխարեն ոչ ոքի աշխատանքի չի վերցրել: