Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների վերաբերյալ գործով նախապատրաստական փուլը:
Այսօրվա նիստում դատարանը որոշում կայացրեց հանրային պաշտպան ներգրավել այս գործով ամբաստանյալ, ՊՊԾ գնդի գրավման և պատանդ պահելու, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի համար: Նշենք, որ Բարսեղյանի պաշտպանը փաստաբան Հայկ Ալումյանն է, ով, ըստ դատավորի, խիստ ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայանում դատական նիստերին:
Հանրային պաշտպանի գրասենյակից հանձնարարել էին այս գործով մեկ այլ ամբաստանյալի՝ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանին ներգրավել որպես Սմբատ Բարսեղյանի պաշտպան: Ֆանյանը հայտնեց, որ ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնելու համար անհրաժեշտ է ճշտել` արդյո՞ք Բարսեղյանը ցանկանում է, որ ինքը ներգրավվի, թե՞ ոչ:
Մինչ դատարանը նիստերի դահլիճ կբերեր նախորդ դատական նիստում հեռացված ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին՝ նրա դիրքորոշումը ճշտելու նպատակով, այս գործով մեկ այլ ամբաստանյալ` Սեդրակ Նազարյանը, դիմելով նախագահող դատավորին, ասաց. «Անցյալ նիստին Ալումյանը եկել ա, չեք թողել, ձեր շեֆն ո՞վ ա, էդ հարցը լուծեք»: Դատավորն ասաց. «Շեֆ չունենք մենք»:
Նիստերի դահլիճ բերված Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ չի ցանկանում, որ իր շահերը պաշտպանի հանրային պաշտպանը: «Ցանկություն չունեմ այլ պաշտպան ունենալու»,- ասաց նա:
Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն էլ հայտարարեց, որ ինքը չի կարող ստանձնել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպանությունը, քանի որ նա ունի ուրիշ պաշտպան և ցանկանում է, որ այդ պաշտպանն իրականացնի իր շահերի պաշտպանությունը:
Դատավորը, այնուամենայնիվ, ամբաստանյալի և հանրային պաշտպանի կամքին հակառակ, ծանր հանցագործության մեջ մեղադրվողի համար նոր պաշտպան ներգրավեց:
Այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ դատարանը 15 աշխատանքային օրով արձակուրդ է գնալու, հետևաբար` այս գործով նիստերը կշարունակվեն օգոստոսի վերջին:
Մինչ այդ նախագահող դատավորը հերթական անգամ դիտողություն արեց պաշտպաններին՝ բացակայելու և նիստերն անհարկի ձգձգելու համար: Երբ գործով ամբաստանյալներից մեկի պաշտպանը դատարանին առաջարկեց ամբողջ օրը չտրամադրել այս գործով դատավարությանը, այլ գոնե նիստերը նշանակել մինչև ժամը երեքը կամ դրանից հետո, դատավորն արձագանքեց. «Հարգարժա'ն Գյուրջյան, իբր թե կարողանում ենք իրար գլուխ հավաքվել, հիմա էլ օրվա կե՞ս նշանակենք նիստը: Դրա համար բոլորս մեզ վրա պետք է պատասխանատվություն վերցնենք. վաղվա նիստից սկսած` բոլորս գալիս ենք դատարան, բոլորս միահամուռ կերպով աշխատում ենք առավոտից մինչև երեկո, որ գնանք առաջ»: Ապա, դիմելով փաստաբան Հարություն Բաղդասարյանին, ավելացրեց. «Բաղդասարյա'ն, էս պատասխանատվությունը դնում ենք Ձեզ վրա, սա մեր վերջին խոսակցությունն է, նիստերից չբացակայեք»:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը: