կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-05 13:14
Իրավական

Մարդիկ անտարբեր են, ժողովուրդը պետք է պահանջի սեփական զենքն արտադրել. Կարեն Վարդանյան

Մարդիկ անտարբեր են, ժողովուրդը պետք է պահանջի սեփական զենքն արտադրել. Կարեն Վարդանյան

Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարությունում կատարված փոփոխությունները թույլ տվեցին ռազմարդյունաբերության ոլորտում նախնական համագործակցություն ստեղծել և հնարավորություն տալ, որպեսզի ռազմարդյունաբերությունը դառնա ընդհանուր տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ ներկայումս կա համագործակցություն պաշտպանության նախարարության հետ, սակայն այդ համագործակցությունը շատ թույլ է:

«Ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը մոտավորպես մեկ հազարերորդականն է, ինչը կարող ենք անել: Առաջընթացն «ակնառու է»` առաջ զրո էր, հիմա արդեն մեկ հազարերորդական է: Նոր փոխնախարար կա (խմբ. նկատի ունի պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին), դիալոգ կա, բայց ծավալը շատ փոքր է, համընդհանուր չէ»,- ասաց Վարդանյանը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված, որ չենք օգտագործում եղած հնարավորությունները, նա պատասխանեց. «Արցախյան պատերազմի ժամանակ մենք կորցրեցինք մեր իրական էլիտան, կռվող տղաներ, ովքեր և' գիտնական էին, և' տեսլական ունեին Հայաստանի վերաբերյալ՝ Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ: Մնացին բանակում կռվող մարդիկ, ովքեր մեծ մասամբ տեխնոլոգիական իմաստով տեսլական չունեցող մարդիկ են: Մարդիկ անգամ չգիտեն, թե ինչ ձեռնարկություններ ունենք, այդ ձեռնարկությունները ո՞ր երկրներին են ծառայություններ մատուցում: Քանի՞ հայկական ընկերություններ են այլ երկրների ռազմարդյունաբերությունների համար աշխատում»:

Նշելով, որ այլ երկրների ռազմարդյունաբերության համար 40 հայկական ընկերություն է աշխատում, Վարդանյանը հավելեց. «Նրանք տեղեկություն չունեն, հասկանո՞ւմ եք, քանի որ այդ հատվածը դատարկ է, նրանց ներշնչում են, որ միայն Ռուսաստանից կարող ենք ռազմական տեխնիկա գնել»:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ մենք պետք է հաշվի առնենք, որ ռազմարդյունաբերության ոլորտում հին կապեր են ստեղծվել ռուսական ձեռնարկությունների հետ, և այդ կապերը դժվար է մի օրվա մեջ խզել: «Ընդհանուր դրայվ տանողը, ցավոք, դեռ չկա: Կա հետաքրքրություն, թե ի՞նչ ենք անում, ո՞նց ենք անում և այլն, բայց միայն դրոշակակիր լինելը բավարար չէ»,- նշեց նա:

Կարեն Վարդանյանը համաձայնեց այն տեսակետին, որ Հայաստանը, կախման մեջ գտնվելով ռուսական ռազմարդյունաբերությունից, հնարավորություններ չունի զարգացնելու սեփական արտադրանքը: «Դրա համար ժողովուրդը ներքևից  պետք է պահանջի էդ ամենը, ժողովուրդն անտարբեր է, ժողովուրդը պետք է իր սեփական զենքը պահանջի, բայց քանի դեռ ժողովուրդն անտարբեր է, այդ խնդիրը լիելու է»,- ասաց նա: