Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, սատարելով Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները, փորձագետների խումբ է ուղարկել` տեղում դրանց ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու, միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով։
ԱՀԿ առաքելության նպատակն է օժանդակել հատկապես առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի գնահատման համակարգերի ներդրմանը, ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը։
Հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևին և առաքելության ներկայացուցիչներին ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփուխումների հիմնական ուղղություններին։
Անդրադառնալով ոլորտում ֆինանսական բարեփոխումներին, բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերին, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի, ինչպես նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքներին` նախարարը նշել է, որ ոլորտի բազմաբնույթ և հավակնոտ ծրագիրը, որպես ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի բաղադրիչ, վերջերս հաստատվել է Ազգային ժողովի կողմից։
Լևոն Ալթունյանը կարևորել է առողջության առաջնային օղակի ուժեղացումը և բնակչության շրջանում այդ համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը` ընդգծելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզային հիվանդանոցներում թերապևտիկ բուժում ստացածների 40-50 տոկոսը կարող էր բուժվել առաջնային օղակում։
Առաքելության թիմի ղեկավար, Շվեդիայի առողջապահության նախարարության ավագ խորհրդական Գորոն Կարսոնի, Համաշխարհային բանկի և ԱՀԿ-ի խորհրդատու, Խորվաթիայի առողջապահական հիմնադրամի նախկին տնօրեն Տատյանա Տրպուպեչի, Ռուսաստանի Դաշնության առողջապահության կազմակերպման և տեղեկատվայնացման պետական գիտահետազոտական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Աննա Կորոտկովայի հետ քննարկվել են ԱԱՊ օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող բամաթիվ հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆինանսավորման կատարելագործմանը, քաղաքային վայրերում ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը, կլինիկական ուղեցույցների ներդրմանը, մասնագետների ծանրաբեռնվածության նորմատիվներին վերաբերող և այլ հարցերին։
Միջազգային փորձագետները ներկայացրել են աշխարհում և իրենց երկրներում համանման ծրագրերի իրականացման արդյունքները` պատրաստակամություն հայտնելով առավել ընդարձակ տեղեկատվություն տրամադրել։
Տատյանա Տրպուպեչը մասնավորապես ներկայացրել է, որ Խորվաթիայում ԱԱՊ–ի ամրապնդման նպատակով 2013 թվականին ներդրված վճարման խառը համակարգը (պերկապիտա` գումարած բոնուսներ) տվել է սպասված արդյունքները։ Առաջնային օղակում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջության պահպանմանը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը։ «Լավ կայացած առողջապահական համակարգերն ուժեղ առաջնային օղակ են ունենում»,-ասել է ԱՀԿ-ի փորձագետը` նշելով, որ 6 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում պատրաստվում են գործող հիվանդանոցների թիվը կիսով չափ կրճատել` հասցնելով 30-ի։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը, աշխատանքային թիմի անդամները։
Այնուհետև ԱՀԿ առաքելության խմբի անդամներն օրակարգային հարցերը քննարկել են աշխատանքային խմբերի ղեկավարների հետ։ Փորձագետները Հայաստանում կշարունակեն աշխատել մինչև հուլիսի 7-ը։