կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 16:29
Իրավական

Կոտայքի մարզում կինը կացնով հարձակվել է հարևանուհու վրա

Կոտայքի մարզում կինը կացնով հարձակվել է հարևանուհու վրա

Կոտայքի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել կնոջ կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կարինե Մ-ն 2017 թվականի փետրվարին Աբովյան քաղաքի շենքերից մեկում ընդհանուր օգտագործման ջրի ծորակից օգտվելու հարցի շուրջ վիճաբանել է նույն շենքի բնակիչ Նատալյա Շ-ի հետ, նրանից պարզաբանում պահանջել նույն շենքում վերջինիս բնակվելու իրավունքի վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ Նատալյա Շ-ն վիճաբանությունից ու հետագա բարդություններից խուսափելու նպատակով գնացել է իր սենյակը: Այնուհետև Կարինե Մ-ն կացինը ձեռքին գնացել է Նատալյա Շ-ի բնակարանի մուտքի դռան մոտ: Նատալյան զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Կարինեն կացնով հարաձակվել է իր վրա: Ահազանգով դեպքի վայր մեկնած` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ոստիկանության ավագ տեսուչ Միշա Ստեփանյանը Կարինե Մ-ից պահանջել է հանդարտվել, սակայն նա, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, նույն շենքի միջանցքում իր մոտ եղած կացնով 2 անգամ հարված է հասցրել Մ. Ստեփանյանի ուղղությամբ, սակայն ոստիկանն աչալրջություն ցուցաբերելու արդյունքում կարողացել է խույս տալ հարվածներից ինչի հետևանքով կացինը դիպել Նատալյա Շ-ի մուտքի դռանը` վնասելով այն:

Այսպիսով` Կարինե Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Կնոջ նկատմամբ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: