կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-26 15:15
Հասարակություն

Իսրայելական ընկերություններից մեկը կզբաղվի Հայաստանում տուրիզմի PR-ով

Իսրայելական ընկերություններից մեկը կզբաղվի Հայաստանում տուրիզմի PR-ով

«Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի շրջանակներում Հայաստան այցելած իսրայելցի լրագրողները շատ տպավորված են Հայաստանով. այսօր լրագրողներին ասաց «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։ Նշենք, որ հիշյալ այցն իրականացվել է «Արմենիա» ավիաընկերության և իսրայելական կազմակերպության համատեղ ջանքերով:

Ցինկերի խոսքով՝ իսրայելցի լրագրողները երկուսուկես օրվա ընթացքում շրջել են Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով և մեծ բավականությամբ հեռացել Հայաստանից: «Լրագրողներից մեկն ասաց, որ ինքը 61 տարի անիմաստ ապրել է, քանի որ Հայաստանը չէր տեսել»,- պատմեց իսրայելցի նախկին պատգամավորը` միաժամանակ նշելով, որ այցի հետ կապված իրենց առաջարկություններն ու նկատառումները կներկայացնեն Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին:

Ցինկերը նաև հայտնեց, որ հնարավոր է իսրայելական ընկերություններից մեկը զբաղվի  Հայաստանում տուրիզմի PR-ով: «Հույս ունենք, որ մի շարք հայկական կազմակերպություններ էլ կմասնակցեն այդ աշխատանքին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Իսրայելի Քնեսեթն ու Հայաստանի ԱԺ–ն համատեղ որոշում են կայացրել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման մասին, որը գործելու է մշտական հիմքի վրա։ Ֆորումի առաջին նիստը կայացել է Իսրայելում 2017 թվականի հունվարին։ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, խոսելով ֆորումի կարևորության մասին, շեշտեց, որ այն ապաքաղաքական կառույց է: «Ոչ պետական կազմակերպությունների միջոցով կողմերը փորձում են որոշակի քաղաքական հայացքների լոբբինգ իրականացնել: Դա ամերիկյան մտաահղացում է՝ մասնագիտական հայացքները համընկնում են, տեղի է ունենում համագործակցություն»,- ասաց նա: