կարևոր
3382 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 17:42
Քաղաքական

Ներկրող իրավաբանական ընկերություններից պահանջում են մի հավաստագիր, որը չի տրվում որևիցե իրավասու մարմնի կողմից․ Գառնիկ Դանիելյան

Ներկայացնում ենք Ազգային Ժողովի հրեթական նիստի հայտարարությունների ժամին ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմաբկցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը ամբողջությամբ․

Բազմաթիվ քաղաքացիներ, ներկրող ընկերությունների ներկայացուցիչներ երեկ ահազանգում էին, որ ապրիլի 10-ից սկսած չեն կարողանում ավտոմեքենաներ արտահանել, քանի որ Մաքսատնից 
պահանջում են տեխնիկական կարգավորման հավաստագիր։

Հարյուրավոր քաղաքացիներ ցայտոտնի մեջ են։ Ոչ ոք նրանց չի տեղեկացրել որոշման մասին։ Իսկ երբ փորձում են հետաքրքրվել, թե որտեղի՞ց և ինչպե՞ս կարող են ստանալ հավաստագիրը, պարզվում է, որ Մաքսատանը ևս տեղյակ չեն։ 

Ոմանք քաղաքացիներին ուղղորդել են Էկոնոմիկայի նախարարություն, սակայն, նախարարությունից պատասխանել են, որ դա իրենց գործառույթը չէ։ Ապա քաղաքացիները դիմել են Ստանդարացման և չափագիտության ազգային մարմին։ 

Պարզվել է, որ այստեղ ևս չեն տրամադրում հավաստագիր, հարկ է դիմել ինչ-որ կազմակերպության, որն էլ, իր հերթին, գործընթացն իրականացնելու համար պահանջում է, որ ավտոմեքենան ունենա ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգ։ 

Բանն այն է, որ այս նավիգացիոն համակարգը հնարավոր է ակտիվացնել միայն ՌԴ-ում, քանի որ Հայաստանում չկա որևէ լիցենզավորված կազմակերպություն։ Բացի այդ, անգամ ՌԴ-ում է որոշում կայացվել հետաձգել ԳԼՈՆԱՍՍ-ի պարտադիր առկայությունը։  

Ստացվում է, որ ներկրող իրավաբանական ընկերություններից պահանջում են մի հավաստագիր, որը չի տրվում որևիցե իրավասու մարմնի կողմից։ 

Իսկ հարցին, թե ինչպե՞ս վարվել այս դեպքում, պատասխանում են՝ վաճառեք ավտոմեքենաները ֆիզիկական անձանց, որպեսզի ԱԱՀ-ն դուրս գա։ 

Ներկրողների խոսքով՝ այս ամենի նպատակը ԱԱՀ հետվերադարձի հնարավորությունից զրկելն է, քանի որ նույն մեքենան որպես ֆիզիկական անձ վաճառելու դեպքում ոչ մի խնդիր չի առաջանում, ոչ մի նմանատիպ փաստաթուղթ չի պահանջվում։ Իսկ եթե արտահանում ես, պահանջում են հավաստագրի առկայությունը։ 
Նշենք, որ ԵԱՏՄ այլ պետություններ առանց ԱԱՀ-ի են տրանզիտն իրականացնում։ Իսկ մեր պետության քաղաքականությունն այնպիսին է, որ արտահանումը դառնա ոչ շահավետ։ 

Այս ամենի արդյունքում՝ սահմանին առաջացել են հերթեր, իսկ քաղաքացիները հայտնվել են անորոշ, անելանելի իրավիճակում։ 

Ոչ մի կերպ ընդունելի չէ ներկրող ընկերությունների համար այսպիսի արհեստական խոչընդոտների ստեղծումը։ 

Քիչ առաջ տեղեկացա, որ գիշերվանից սկսել են թույլատրել ավտոմեքենաների արատահանումը։ Բայց որոշեցի բարձրաձայնել այս մասին, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նորից արգելելու որոշում չի կայացվի։ 

Հարց է առաջանում, եթե Հայաստանում դեռևս չկա լիազորված մարմին, որը կտրամադրի պահանջված հավաստագիրը, ինչու՞ է նման որոշում կայացնում։ 

Հղում է արվում ԵԱՏՄ օրենսդրությանը, մինչդեռ, այնտեղ նշված է միայն 
Ղազախստանի, Բելոռուսի և Ռուսաստանի Դաշնության մասին։ 

Խնդրի կապակցությամբ հարցում ենք ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին՝ պարզաբանելու, թե ինչու՞ մեկ գիշերում որոշվեց, այնուհետև չեղարկվեց տեխնիկական կարգավորման հավաստագրի պարտադիր առկայությունը։