կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 19:38
Տնտեսական

«Դիջիթեքին» այս տարի մասնակցող ընկերություններից 13-ն օտարերկրյա է

«Դիջիթեքին» այս տարի մասնակցող ընկերություններից 13-ն օտարերկրյա է

Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Մասնակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների 64 ընկերություն, որից 13-ն օտարերկրյա է: Բիզնես ֆորումին այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում Հայաստանում:

 

«Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

Նա նշել է, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում մասնակից ընկերություններին ոչ միայն ծանոթանալու այն առավելություններին, որոնք կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումը բիզնեսում, այլև նպաստել նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանը, գործարար միջավայրում համագործակցության խթանմանը:

 

«Կառավարությունը գործնական աջակցություն է ցուցաբերելու մեր երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող այս ոլորտին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

Նա այնուհետև շրջել է ֆորումին մասնակից ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, ծառայություններին, առաջարկություններին ու նոր գաղափարներին:

 

«ԴիջիԹեքի» շրջանակներում կկայանա նաև երկու միջազգային համաժողով: Հայ-հոլանդական և հայ-ռուսական համաժողովները նվիրված են լինելու ոլորտի համագործակցությանը ու փորձի փոխանակմանը: